Քոչարյան. «Լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում» - Mediamax.am

7040 դիտում

Քոչարյան. «Լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում»


Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` http://www.2rd.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատական է տվել նախընտրական պայքարին եւ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին:

«Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեեւ ոգեւորիչ որեւէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել: Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել եւս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ:

 

Շարունակում եմ 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատեւ բացասական հետեւանքներով: Նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային /տարածքային/ քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսեւորումները: Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որեւէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաեւ հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերեւս կմասնակցեն ձայների աճուրդին:

 

Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը», - հայտնել է Ռոբերտ Քոչարյանը իր ոչ պաշտոնական կայքում հրապարակված տեսակետում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին