Նախագահը «պատմական» է անվանել ԵՄ հետ բանակցված նոր փաստաթուղթը - Mediamax.am

4465 դիտում

Նախագահը «պատմական» է անվանել ԵՄ հետ բանակցված նոր փաստաթուղթը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն իր փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ:

«Փետրվարի վերջին տեղի ունեցավ հիրավի պատմական իրադարձություն. Բրյուսելում նախագահ Տուսկի հետ միասին մենք ազդարարեցինք մեր երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Դրանից մեկ շաբաթ առաջ Երեւանում կողմերը նախաստորագրեցին այն: Նախատեսում ենք Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ստորագրել այս կարեւոր փաստաթուղթը՝ ապավինելով նաեւ մեր գործընկերների աջակցությանը», - ասել է ՀՀ նախագահը՝ մարտի 29-ին ելույթ ունենալով Մալթայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

 

«Հայաստան-ԵՄ գործընկերությունը հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետեւողականության, մյուս կողմից վերջին տարիներին Եվրոպական միության՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ՝ յուրաքանչյուրից քաղելով եւ յուրաքանչյուրին տալով դրականը եւ օգտակարը, ինչը միավորում է պետություններին, այլ ոչ թե բաժանում», - նշել է Սերժ Սարգսյանը:

 

«Ընդամենը երեք օր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սա կարեւորագույն հանգրվան է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին: Հաշվի առնելով երկրի զարգացման առանձնահատկությունները՝ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման եւ ժողովրդավարական հաստատությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Մենք հանձնառու ենք եւ անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ», - ասել է Հայաստանի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին