Տեր-Պետրոսյան. Ընտրությունների արդյունքը չի փոխել ՀԱԿ օրակարգը - Mediamax.am

8222 դիտում

Տեր-Պետրոսյան. Ընտրությունների արդյունքը չի փոխել ՀԱԿ օրակարգը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատել է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները:

«Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ։ Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ելքը ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը եւ կարգավորելու մեր ժողովրդի առջեւ կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը։

 

Անկախ ընտրությունների արդյունքից, սակայն, անհրաժեշտ եմ համարում կատարել հետեւյալ երկու անառարկելի արձանագրումները.

 

Առաջին՝ Հայ Ազգային Կոնգրեսին հաջողվեց Ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչը մեր հակառակորդներն անգամ չեն ժխտում:

 

Եւ երկրորդ՝ կարճ ժամանակում ստեղծվեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանի շուրջ ձեւավորված, թեկուզ առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում, որի հետագա ծավալմանը ես ամենեւին չեմ կասկածում։

 

Դա հավատավորների շարժում է, որը Հայաստանին եւ Ղարաբաղին սպառնացող վերահաս աղետը կանխելուց բացի, այլ նպատակ չի հետապնդում։ Եթե խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ի զորու են այդ աղետը կանխել Ղարաբաղի գոյության պահպանման եւ ոչ մի թիզ հող չզիջելու ճանապարհով, մենք միայն երախտապարտ կլինենք նրանց»,- iԼur.am-ին ասել է ՀՀ առաջին նախագահը։

 

Դիմելով ՀԱԿ անդամներին ու համակիրներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ կուսակցության օրակարգն ընտրությունների արդյունքներից չի փոխվել։

 

«Մենք հսկայական անելիք ունենք խաղաղության գաղափարը հասարակության լայն շրջանակների հավատամքը դարձնելու ուղղությամբ։

 

Հայաստանի եւ Ղարաբաղի գոյության, ապահովության ու բարգավաճման այլ երաշխիք գոյություն չունի, քան հարեւանների հետ խաղաղության, հաշտության ու բարիդրացիության հաստատումը։

 

Խաղաղություն հիմա՛, եւ ոչ թե աղետից ու նոր, անիմաստ զոհերից հետո։ Սահմաններին զոհվող յուրաքանչյուր զինվորի արյունը այսուհետեւ նստելու է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խղճին»,- ամփոփել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ստացել էր ընտրողների ձայնը 1,65%-ը եւ չէր հաղթահարել ԱԺ անցնելու 7% շեմը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին