Կարապետյանը պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը - Mediamax.am

7869 դիտում

Կարապետյանը պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը


Լուսանկարը` Photolure


Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանում հեղափոխության կողմնակիցներին կոչ է արել ապրիլի 25-ին՝ ժամը 11.00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «շարունակելու եւ ավարտին հասցնելու ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀԿ ներկայացուցիչների հետ վաղը նախատեսված բանակցությունները չեն կայանալու:

 

Ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ փնտրելու համար Կարեն Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման չեղարկման վերաբերյալ հայտարարություն է արել նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

 

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նա տեղեկացրել է, որ «հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման առումով»:

 

«Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաեւ հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչեւ մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբեւէ նման ձեւաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

 

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- ասված է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին