ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Հայաստանում մեկնարկել է իր առաքելությունը - Mediamax.am

3043 դիտում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Հայաստանում մեկնարկել է իր առաքելությունը


Ուրշուլա Գաչեկը
Ուրշուլա Գաչեկը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այսօր Երեւանում մեկնարկել է իր առաքելությունը՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ դիտորդական առաքելությունը բաղկացած է լինելու հիմնական 13 անդամից, մոտ երկու տասնյակ երկարաժամկետ դիտորդներից եւ քվեարկության օրվա գործընթացները դիտարկող 250 կարճաժամկետ դիտորդներից։

 

 

Նրա խոսքով՝ ավելի ուշ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի  եւ Եվրոպայի խորհրդի ԽՎ դիտորդները։

 

«Մեր թիմն առաջին ձեռքից մշտադիտարկելու է ընտրական ամբողջ գործընթացը՝ սկսած թեկնածուների գրանցումից, քարոզարշավից, վերջացրած դիմում-բողոքների լուծման ընթացակարգերով։ Առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին»,- ասել է Ուրշուլա Գաչեկը։

 

Նա հայտնել է, որ նախընտրական քարոզարշավը, ընդհանուր առմամբ տեւելու է 12 օր, ինչը, դեսպանի խոսքով՝ նորմալ ժամանակահատված է։

 

«Չկա ընդունված որեւէ միջազգային ստանդարտ՝ քարոզարշավի տեւողության վերաբերյալ։ Այս դեպքում կարեւոր է, որ քաղաքական ուժերին հավասար հնարավորություններ ընձեռվեն իրենց ծրագրերը եւ թեկնածուին ներկայացնելու համար»,- նշել է Ուրշուլա Գաչեկը։

 

Դիտորդներն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ իրենց նախնական գնահատականը հանրությանը կներկայացնեն ընտրությունների հաջորդ օրը, իսկ վերջնական զեկույցը կհրապարակեն ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին