Այլեւս անհրաժեշտ են պաշտոնական եւ պարբերական բանակցություններ, ասել է Ջեյմս Ուորլիքը - Mediamax.am

3153 դիտում

Այլեւս անհրաժեշտ են պաշտոնական եւ պարբերական բանակցություններ, ասել է Ջեյմս Ուորլիքը


Ջեյմս Ուորլիքը
Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Երեւանում ասել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳ նախարարների միջեւ երբեմն-երբեմն կայացող հանդիպումներն այլեւս բավարար չեն»:

Այս մասին ամերիկացի համանախագահն ասել է այսօր Երեւանում՝ պատասխանելով Մեդիամաքս-ի թղթակցի հարցին: 

 

«Ժամանակն է եկել բանակցություններն առաջ տանել այլ մակարդակով: Ավելի պաշտոնական բանակցություններ են հարկավոր, եւ կողմերը պետք է որոշեն, թե ինչպիսին է լինելու այդ գործընթացը»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

 

Ջեյմս Ուորլիքի խոսքերով, խաղաղության հաստատման առանցքային տարրերի (key elements) շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերի միջեւ բարձր մակարդակի հանդիպումները պարբերական բնույթ կրեն:

 

«Առանցքային կետերը ես ներկայացրել էի Կարնեգի հիմնադրամում իմ ելույթի ժամանակ: Մենք աշխատում ենք կողմերի հետ այդ 6 կետերի շուրջ, որոնց շուրջ համաձայնության գալն անհրաժեշտ է խաղաղ կարգավորման համար»,- ասել է միջնորդը՝ հավելելով, որ այդ  6 կետերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն:

 

Պատասխանելով Մեդիամաքս-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք այդ վեց կետերը կարելի է դիտարկել որպես թարմացված Մադրիդյան սկզբունքներ, որոնք առաջին անգամ ներկայացվեցին 2009 թվականին Լ’Աքվիլայում Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, Ջեյմս Ուորլիքն ասել է, որ ցանկալի չէ դրանք դասակարգել կամ որեւէ կերպ որակել:

 

«Դրանք պարզապես այն անհրաժեշտ կետերն են, որոնց շուրջ կողմերի համաձայնությունը անհրաժեշտ է խաղաղ լուծման համար: Նշեմ նաեւ, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը չի սահմանափակվում միայն այդ 6 կետերով»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին