Ադրբեջանը պատրաստ չէ կարգավորմանը միջնորդների առաջարկների հիման վրա, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

3701 դիտում

Ադրբեջանը պատրաստ չէ կարգավորմանը միջնորդների առաջարկների հիման վրա, ասել է Նալբանդյանը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահ երկրների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է այսօր՝ Երեւանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Քլարկի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Մեդիամաքս-ի թղթակցի հարցին:

 

Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 69-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը անդրադարձել էր ԼՂ հիմնախնդրի հարցում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների դերին՝ կարեւորելով վերջիններիս կողմից ԼՂ հարցում ընդունած բանաձեւերը:

 

«Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից թվարկված կազմակերպությունների շարքում չկան ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ համանախագահները, ովքեր էլ ունեն միջազգային մանդատ ԼՂ հարցում միջնորդություն իրականացնելու եւ խնդրի կարգավորման համար կողմերին օժանդակելու հարցում: Այն կազմակերպությունները, որոնք հիշատակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, ոչ միայն չունեն այդ մանդատը, այլեւ ընդհանրապես չեն զբաղվում ԼՂ  հարցով»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, պաշտոնական Բաքվի նման պահվածքը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է տեղափոխել արցախյան խնդրի  կարգավորման գործընթացը այլ ձեւաչափեր:

«Սա կրկին անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը միջազգային հանրության կողմից Մինսկի խմբի համանախագահների միջոցով ներկայացված առաջարկների`մասնավորապես, եռանախագահ երկրների նախագահների կողմից լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս–Կաբոսում, Էնիսկիլենոմ ընդունված հայտարարությունների և ներկայացված առաջարկությունների հիման վրա: Այս 5 հայտարարություններում մանրամասն ներկայացված են խնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկները»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին