Հունիսի 22-ին Երեւան կժամանի շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը - Mediamax.am

7932 դիտում

Հունիսի 22-ին Երեւան կժամանի շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը


Մագնուս Կառլսենը
Մագնուս Կառլսենը

Լուսանկարը` http://images.huffingtonpost.com/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի եւ "Ակրոնիս” ընկերության հրավերով հունիսի 22-ից 24-ը Հայաստան կայցելի Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը։

Երեւանում Կառլսենին կհյուրընկալի Աշխարհի գավաթակիր, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։

 

Այցի շրջանակներում Երեւան կժամանեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ այդ թվում Acronis ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, Parallels ընկերության եւ Runa Capital վենչուրային հիմնադրամի հիմնադիր, Ֆիզտեխ միության վարչության անդամ  Սերգեյ Բելոուսովը, ռուսական վենչուրային ներդրող, «Almaz Capital Partners» ընկերության հիմնադիր եւ կառավարիչ Ալեքսանդր Գալիցկին, Սաութհեմփթոնի համալսարանի նանոֆիզիկայի եւ ֆոտոնիկայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կավոկինը, Թաթարստանի Հանրապետության նախագահի տնտեսական հարցերով օգնական Այրատ Խայրուլինը, Parallels Inc. ընկերության նախագահ Բիրգեր Սթենը եւ այլոք։

 

Հյուրերը կայցելեն Տաթեւի վանք, որտեղ կծանոթանան միջնադարյան վանական համալիրի պատմությանը, ճարտարապետությանը, ինչպես նաեւ այն ծրագրերին, որոնք IDeA հիմնադրամն իրականացնում է Տաթեւում։ Գրոսմայստերները կանցկացնեն շախմատի միաժամանակյա խաղ` 20 խաղատախտակների վրա։ Լավագույն մրցակիցներին կշնորհվեն նվերներ։

 

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի պետական եւ հոգեւոր բարձրաստիճան այրերի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ շախմատի ոլորտի ներկայացուցիչների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին