Գարեգին Բ. Թուրքիան նպատակ ունի շեղելու աշխարհի ուշադրությունը - Mediamax.am

2543 դիտում

Գարեգին Բ. Թուրքիան նպատակ ունի շեղելու աշխարհի ուշադրությունը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր ասել է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի օր հռչակելն «ակնհայտ նպատակ ունի շեղելու աշխարհի ուշադրությունը եւ նվազեցնելու Մեծ եղեռնի մեկդարյա տարելիցի նշանակությունը»:

Այս մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին:

 

«Հայոց Ցեղասպանությունից 100 տարիներ անց մեր նահատակների արյան, մեր կորուսյալ Հայրենիքի, մեր սրբավայրերի, մեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռեւս չի վերականգնված` չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է շատ պետությունների ու հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնց երախտապարտ է մեր ժողովուրդը: Համայն ազգիս արդար սպասումն է, որ Թուրքիան եւս միանա Ցեղասպանությունը ճանաչած երկրներին` առերեսվելով սեփական պատմության հետ»,- ասել է նա:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը գործադրել բոլոր ջանքերը՝ ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից բխող ծանր հետեւանքները:

 

«Աշխարհի եւ մարդկության ապահով ու բնականոն կյանքը խաթարող ոճրագործությունները որոշապես հետեւանք են նաեւ Հայոց ցեղասպանության համընդհանուր դատապարտման հապաղման»,- հավելել է Գարեգին Բ-ն:

 

Նա հիշեցրել է, որ 2015-ը սկսվել է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման «լուսավոր խորհրդով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին