Կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք է պետք - Mediamax.am

3064 դիտում

Կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք է պետք


Վարուժան Հոկտանյանը
Վարուժան Հոկտանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Transparency International հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է ոչ այնքան այս կամ այն մարմնում անձերի փոփոխությունը, որքան պետության բարձրագույն ղեկավարության կողմից քաղաքական կամքի դրսեւորումը:

Վարուժան Հոկտանյանն այս մասին ասել է՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ ստեղծելու կառավարության որոշումը:

 

«Այստեղ ես տեսնում եմ ինստիտուցիոնալ խնդիր: Որքանո՞վ հնարավոր կլինի կանխել կամ նվազեցնել կոռուպցիան, եթե այդ մարմնում ներգրավված լինեն այլ անձինք: Քաղաքական կամքի խնդիր ունենք»,- ասել է Վարուժան Հոկտանյանը:

 

Նա մանրամասնել է, որ կոռուպցիայի մակարդակը նվազեցնել հնարավոր է կա՛մ երկրում իշխանափոխության միջոցով, կա՛մ քաղաքական կամքի դրսեւորմամբ, կա՛մ էլ երկրի ժողովրդավարացման եւ իշխանությունների թափանցիկության ու հաշվետվողականության պարագայում:  

 

Վարուժան Հոկտանյանի խոսքով, վերջին ուսումնասիրությունների արդյունքներով, Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 36-ն է: Կոռուպցիայի ընկալման համաթվի 0-ից 100 միավորային համակարգում 0-ն արտահայտում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը:

 

«50-ից ցածր համաթիվ ունեցող երկրները համարվում են բարձր կոռումպացվածություն ունեցող պետություններ: Հայաստանի ընկալման համաթիվը վկայում է այն մասին, որ կոռուպցիայի հետ կապված իրավիճակը մեր երկրում գտնվում է լճացման փուլում: Իրավիճակը չի վատթարանում, սակայն չի էլ բարելավվում»,- ասել է Վարուժան Հոկտանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին