Բոստոնի կարդինալը պատարագ կմատուցի Եղեռնի զոհերի հիշատակին - Mediamax.am

7537 դիտում

Բոստոնի կարդինալը պատարագ կմատուցի Եղեռնի զոհերի հիշատակին


Բոստոնի կարդինալ Շոն Պատրիկ Օ'Մելին
Բոստոնի կարդինալ Շոն Պատրիկ Օ'Մելին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Այս տարվա ապրիլին Բոստոնի արքեպիսկոպոսարանն առաջին անգամ պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես գրում է The Boston Globe-ը, այս որոշման մասին հայտարարել է Բոստոնի կարդինալ Շոն Պատրիկ Օ'Մելին, որն էլ մատուցելու է պատարագը ապրիլի 23-ին քաղաքի հարավում գտնվող Սուրբ խաչ մայր տաճարում:

 

Իր հայտարարության մեջ կարդինալը վկայակոչում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում արած հայտարարությունը, որով կաթոլիկ աշխարհի քահանայապետն Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 

 

«Ֆրանցիսկոս պապը հստակ արտահայտել է եկեղեցու դիրքորոշումն առ այն, որ եկեղեցին ճանաչում է իրենց կյանքը հավատի համար զոհած անձանց կրած տառապանքը, եւ ցավոք, այսօր էլ մենք շարունակում ենք ամբողջ աշխարհում քրիստոնյաների հանդեպ շարունակական հետապնդումների ականատեսը լինել: Համերաշխություն հայտնելով որպես քրիստոնյաներ՝ Բոստոնի արքեպիսկոպոսարանը միանում է մեր հայ եղբայրներին եւ քույրերին՝ միասնական աղոթքով հիշելու նրանց»,- ասել է կարդին Օ'Մելին: 

 

Բոստոնի մայր տաճարում կայանալիք պատարագին ներկա կգտնվեն նահանգի հայ հոգեւոր հայրերը:

 

Բոստոնի հայկական եկեղեցու հոգեւոր այրերը՝ հայր Անդրանիկ Բալջյանը եւ հայր Առաքել Ալջալյանը, ողջունել են կարդինալի որոշումը, որով «կամուրջ է կառուցվում քրիստոնյաների միասնության համար»:

 

«Կաթոլիկներն ու հայերը այժմ միասնական են առավել քան երբեւէ: Հայ համայնքի կենսունակությունը եւ հավատարմությունը, որը կարտահայտվի ապրիլի 23-ին, վկայում է բարու հաղթանակը չարի դեմ»,- նշել են հայ հոգեւոր հայրերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին