Քննարկվել է Եվրամիության վիզաների դյուրացման ընթացքը - Mediamax.am

5229 դիտում

Քննարկվել է Եվրամիության վիզաների դյուրացման ընթացքը


Լուսանկարը` e-spaces.eu


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի երրորդ նիստը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդգծել է, որ միգրացիոն հոսքերի կառավարման եւ անվտանգության ոլորտում ԵՄ առաջ կանգնած մարտահրավերների հետ մեկտեղ պետք է ճանապարհներ գտնել շարժունակության եւ մարդկանց միջեւ շփումների համատեղ հանձնառությունը պահպանելու համար:

 

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել Վիզաների դյուրացման եւ Հետընդունման ՀՀ-ԵՄ համաձայնագրերի իրականացմանը: Նա հույս է հայտնել, որ այդ համաձայնագրերի հաջող իրականացումը կհանգեցնի ՀՀ հետ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչն ամրագրված է Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում:

 

ԵՄ կողմից նիստին մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին: Եվրոպական կողմն արձանագրել է վերջին տարիներին ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ անդամ պետությունների մուտքի արտոնագրերի դիմումների աճը:

 

Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացել է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը:

Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների անդրանիկ նիստերը տեղի են ունեցել 2014թ. սեպտեմբերին Երեւանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին