Հայազգի ճարտարապետը Լոնդոնում հեղինակավոր մրցանակ է ստացել - Mediamax.am

exclusive
15184 դիտում

Հայազգի ճարտարապետը Լոնդոնում հեղինակավոր մրցանակ է ստացել


Ռոյ Խաչատուրյանը եւ Թիմ Ֆլինը
Ռոյ Խաչատուրյանը եւ Թիմ Ֆլինը

Լուսանկարը` անձնական արխիվից


Tim Flynn Architects ընկերության ճարտարապետ, Լիվերպուլի համալսարանի շրջանավարտ Ռոյ Խաչատուրյանը արժանացել է Միացյալ Թագավորությունում ճարտարապետական կրթության ասպարեզում ամենահին եւ հեղինակավոր մրցանակին:

 

Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի (RIBA) կողմից անցկացվող President’s Medals Student Awards-ում (Նախագահի կողմից տրվող ուսանողական մրցանակ) Ռոյ Խաչատուրյանին շնորհվել է Ատենախոսության շքանշանը (The Dissertation Medal):

 

Այս պարգեւը տրվում է ճարտարապետական գերազանց կրթությունը խթանելու, տաղանդը գնահատելու եւ աշխարհում ճարտարապետական բանավեճերը խրախուսելու նպատակով։

 

Ռոյ Խաչատուրյանը շքանշանը ստացել է իր «Գաղափարախոսական արտահայտությունների զուգադրումը. Երեւանի քաղաքային զարգացումը 1915-2015թթ.-ին» ատենախոսության համար:

 

Լեն Ջեքսոնի գիտական ղեկավարությամբ կատարված ուսումնասիրության մեջ ճարտարապետը կենտրոնացել է ինքնության ձեւավորման հարցում ճարտարապետության ունեցած դերի վրա՝ հետեւելով ընտրված ժամանակաշրջանում Երեւանում ընթացող քաղաքական բռնաճնշումներին։

 

«Ի՞նչն է կանխորոշում մեր՝ որեւէ տարածքին պատկանելու զգացողությունը։ Ինչպե՞ս կարող է որոշվել կամ ստեղծվել ինքնությունը։ Տարիներ շարունակվող բռնաճնշումներ եւ նույնիսկ ցեղասպանություն վերապրած Հայաստանի մայրաքաղաք ու գանձ Երեւանը պայքարում էր այս խնդիրների դեմ՝ վերագտնելու ազգային հպարտությունը»,-ասում է Ռոյ Խաչատուրյանը։

 

Ալեքսանդր Թամանյանի հատակագծի վերլուծությունն ու անցած դարի ընթացքում տարբեր ձեւերով դրա յուրացումը Ռոյ Խաչատուրյանի ատենախոսության առանցքային մասն են: Բացի Երեւանի առանձնահատկությունների ուսումնասիրությունից, նրա աշխատանքն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են հավաքական հիշողության կորուստը, քաղաքական արժեքների ազդեցությամբ ճարտարապետական մանիպուլյացիաները, կոմերցիալիզացիայի ազդեցություն եւ հարուստ բնակիչների ներհոսքի հետեւանքով քաղաքի թաղամասերի դեգրադացիան:

 

«Թամանյանի նախագծում ինձ տպավորեց այն, որ մաստեր-պլանը գալիս էր «ոչ մի տեղից»: Ինձ հետաքրքրեց, թե ինչու էր նա ցանկանում հասնել իր դիզայնով եւ որոնք են եղել նրա ուղենշային կետերը Գլխավոր հատակագծում: Այս մաստեր-պլանը թելադրում է քաղաքի ապագա ճարտարապետական տեսքը: Օպերայի եւ բալետի ու կառավարական շենքերի` Թամանյանի կողմից ներմուծված ոճը հայկական ճարտարապետության նորմ են դարձել»,- ասում է Ռոյ Խաչատուրյանը:

 

Միեւնույն ժամանակ, նա նկատում է, որ «Երեւանի հետագա զարգացումը, կարծես, արված է զբոսաշրջիկների հետաքրքրությունը գրավելու եւ ֆինանսական օգուտների առաջնահերթության տեսանկյունից, ինչն արվել է հարուստ մշակութային եւ պատմական քաղաքի` Թամանյանական նախնական տեսքի կորստի գնով»:

 

RIBA-ի նախագահական շքանշանը ինստիտուտի ամենահին մրցանակն է։ Այն հիմնադրվել է 1836թ.՝ RIBA Gold Medal-ի հետ միասին:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին