2016 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր - Mediamax.am

exclusive
17077 դիտում

2016 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Aurora Prize

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure


Տարին սկսվում էր անկախության 25-ամյակը վայելելու սպասումով: Իրականում 2016 թվականը դարձավ ամենադժվարինը այդ 25 տարիների շարքում ՝ չհաշված Արցախյան պատերազմի տարիները:

 

2016 թվականը բացահայտեց, որ 25 տարիների ընթացքում մենք կուտակել ենք մեծ ու փոքր խնդիրների մի այնպիսի բեռ, որի ծանրության տակ այլեւս անկարող ենք առաջ ընթանալ: Հուսանք, որ 2016 թվականը իսկապես կդառնա այդ բեռը թոթափելու երկար ու բարդ ճանապարհի սկիզբը:

 

Տարվա սթափեցումը՝ ապրիլյան պատերազմը

 

Սպրիլյան պատերազմն անսպասելի էր բոլորի՝ քաղաքական ղեկավարության, զինվորականների եւ հասարակության համար: 1994 թվականի հրադադարից ի վեր՝ մենք ապրում էինք տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենալու համոզմունքով, ինչը շատերի գիտակցության մեջ պատերազմի վերսկսումը գրեթե անհավանական էր դարձրել:

Լուսանկարը` PAN Photo

Ապրիլյան պատերազմը սթափեցրեց շատերին՝ ի հայտ բերելով մի շարք տհաճ հարցեր ու հետեւություններ: Դրա հետ մեկտեղ ապրիլյան պատերազմը բացահայտեց, որ անկախ Հայաստանում ծնված զինվորները պատրաստ են Հայրենիքին տալ ամեն ինչ ու գործել անհավանական սխրանքներ:

 

Տարվա ցնցումը՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը

 

Հասարակությունը նոր էր սկսել «ետ գալ» ապրիլյան պատերազմի շոկից, երբ «Սասնա Ծռեր» խումբը գրավեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը՝ իրենց գործողությունն անվանելով «զինված ապստամբություն»:

Լուսանկարը` PAN Photo

Երկու շաբաթ տեւած դիմակայությունը եւ դրան հետեւած հասարակության հուզումն ու ծայրահեղ բեւեռացումը եւս տարիներով չլուծված խնդիրների պոռթկումն էին:

 

Հուլիսից հետո շատ «տաք գլուխներ» սառեցին, սակայն միամտություն կլինի մտածել, թե ամեն ինչ հարթվեց-գնաց: Եթե բարոյականությունն ու արդարությունը չվերադառնան Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանք, բռնություն գործադրելու գայթակղությունը դամոկլյան սրի պես օդում կախված է մնալու՝ կաթվածահար անելով մեր կյանքը:

 

Տարվա հայտնությունը՝ Վիտալի Բալասանյան

 

Արցախյան պատերազմի հերոսներից մեկն անսպասելիորեն հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ փաստացի ստանձնեց միջնորդի դերը իշխանությունների եւ «Սասնա Ծռերի» շփումներում:

Լուսանկարը` Photolure

Վիտալի Բալասանյանը, որը վերջին տարիներին ընդդիմադիր էր Արցախի իշխանություններին, էական դեր խաղաց նաեւ ապրիլյան պատերազմի ընթացքում:

 

Աշնանը նա նշանակվեց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

 

Տարվա արժեզրկումը՝ խոսքը

 

2016-ը ապացուցեց, որ սոցիալական ցանցերը իրականությանը նախընտրող մարդիկ խոսքի արժեզրկումը հասցրել են այնպիսի աստիճանի, որն ակնհայտ հակասության մեջ է մտնում ոչ միայն բարոյական նորմերի, այլեւ բանականության հետ: Ամեն ինչի մասին սեփական կարծիք հայտնելու անհագուրդ ցանկություն ունեցողները որեւէ արգելք չէին ճանաչում՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին անվանում էին «դավաճան», իսկ ոստիկան սպանողին՝ «հերոս»: Ցավոք, ամեն ինչ վկայում է այն մասին, որ խոսքի արժեզրկումը շարունակվելու է նաեւ 2017-ին:

 

Տարվա հույսը՝ Կարեն Կարապետյանը

 

Սեպտեմբերին Հայաստանի վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանից շատերը հրաշքի են սպասում: Այսօր նա ունի ամենաբարձր ռեյտինգը Հայաստանում, ինչը նրան միաժամանակ ե՛ւ մեծ առավելություն է տալիս, ե՛ւ խոցելի է դարձնում: Թերեւս, ամենամեծ խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանն չի ցանկանում իրեն տեսնել քաղաքական գործչի դերում: Սակայն հայաստանյան շատ խնդիրներ հենց քաղաքական լուծումներ են պահանջում:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

Կարելի է տարբեր ենթադրություններ անել այն մասին, թե ինչ «քարտ բլանշ» է ստացել վարչապետը նախագահից: Բայց իրականությունն այն է, որ վարչապետի հետ հույսեր է կապում հասարակության զգալի մասը, ինչը շատ ավելի մեծ «քարտ բլանշ» է: Կարեն Կարապետյանը պետք է որոշի՝ օգտվել դրանից, թե ոչ:

 

Տարվա հպարտությունը՝ «Ավրորա» մրցանակ

 

Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին եւ Վարդան Գրեգորյանին հաջողվեց այն, ինչի մասին շատերը մտածում էին, բայց չէին կարողանում ձեւակերպել ու իրագործել:

Լուսանկարը` Aurora Prize

Մենք, որ մեկ դարից ավելի արդարություն ենք պահանջում աշխարհից, ցույց տվեցինք, որ պատրաստ ենք արժանին մատուցել նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը՝ փրկելով ուրիշներին:

 

Տարվա գիտական իրադարձությունը՝ Նոբելյան օրերը

 

Ապրիլին Հայաստանը հյուրընկալեց բժշկագիտության, քիմիայի, կենսաբանության եւ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան հինգ մրցանակակիրներին՝ Աարոն Չեխանովերին (Իսրայել), Ադա Յոնաթին (Իսրայել), Դան Շեխտմանին (Իսրայել), Ջոն Ռոբին Ուորենին (Ավստրալիա) եւ Էյիթի Նեգիսիին (Ճապոնիա):

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նոբելյան օրեր» կազմակերպելու գաղափարը պատկանում էր Երեւանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանին, որի շնորհիվ բազմաթիվ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ կարեւոր լիցքեր ստացան:

 

Տարվա այցը՝ Հռոմի Պապը Հայաստանում

 

Հունիսի 24-26-ը Հայաստանում էր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, որին մարդիկ չափազանց ջերմ ընդունեցին: Իր այցը «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» անվանած Պապը Սբ Էջմիածնում ասաց.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տիրոջը գոհություն եմ մատուցում ձեր ժողովրդի հավատի լույսի համար, հավատ, որը Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը եւ նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց ազգերի մոտ: Քրիստոսը Ձեր փառքն է, ձեր լույսը, արեգակը, որը ձեզ լուսավորեց եւ նոր կյանք պարգեւեց, որ ձեզ ուղեկցեց եւ սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին: Խոնարհվում եմ Տիրոջը, որ հայ ազգը եղավ առաջինը 301թ., որն ընդունեց քրիստոնեությունը, մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հռոմում դեռ շարունակվում էին բորբոքվել հալածանքները: Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել զգեստ, որը կարելի է հագնել կամ հանել՝ պարագաների կամ առիթներով պայմանավորված, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի, ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի: Տերը թող օրհնի ձեզ հավատի այս օրինակելի պահպանման համար»:

 

Տարվա ոսկին՝ Արթուր Ալեքսանյան

 

Հայաստանը 20 տարի սպասում էր այն օլիմպիական ոսկե մեդալին, որն օգոստոսի 17-ին նվաճեց «Սպիտակ Արջ» Արթուր Ալեքսանյանը: 24 տարեկանում նա մեր մոլորակի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկն է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Իր նվիրվածության ու համառության շնորհիվ Արթուր Ալեքսանյանն ապացուցեց, որ մարզիկին առաջ տանողն ու սպորտում պահողը երազանքն է:

 

Տարվա հրճվանքը՝ Հենրիխ Մխիթարյանն ու նրա անհավանական գոլը

 

Աշնան ընթացքում գրեթե բոլորին Հայաստանում հետաքրքրում էր մի հարց՝ ինչո՞ւ Ժոզե Մոուրինյոն խաղային պրակտիկա չի տալիս Հենրիխ Մխիթարյանին: Նոյեմբերին Հենոն սկսեց առավել հաճախ հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ ցուցադրելով հրաշալի խաղ:

Լուսանկարը` REUTERS

Իսկ դեկտեմբերի 26-ին «Հենրիխ Մխիթարյան» կոչվող համազգային հրճվանքը հասավ իր գագաթնակետին, երբ հայ կիսապաշտպանը կրունկով անհավանական գոլ խփեց:

 

Արա Թադեւոսյան, Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին