Բացվել է «Կամրջելով պատմություններ» լուսանկարների ցուցահանդեսը - Mediamax.am

3890 դիտում

Բացվել է «Կամրջելով պատմություններ» լուսանկարների ցուցահանդեսը


Լուսանկարը` BridgingStories

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է հայ եւ թուրք լուսանկարիչների կողմից արված «Կամրջելով պատմություններ» (Bridging stories) լուսանկարների ցուցահանդեսը:

Մեդիամաքսը անցյալ շաբաթ պատմել էր National Geographic-ի ֆոտոլրագրող Ջոն Ստենմայերի նախաձեռնած ծրագրի մասին, որը նպատակ ունի հույս եւ խաղաղություն սերմանել Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ:

 

Ցուցահանդեսում ընդգրկվել են 24 հայ եւ թուրք ֆոտոլրագրողների աշխատանքներ, որոնք հինգ ամիսների ընթացքում լուսանկարել են երկու երկրների շրջակա միջավայրի նմանությունները:

 

Ծրագրի ֆինանսավորումը իրականացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Այն համակարգել են Անուշ Բաբաջանյանը (4Plus) եւ Սերա Ակջանը  (Nar Photos), իսկ մասնակիցների հետ վարպետության դասեր է վարել Ջոն Ստենմայերը:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսն ասել է.

 

«Այս ցուցահանդեսը կարեւոր է նրանով, որ ցույց է տալիս, թե ինչքան շատ ընդհանրություններ կան հայ եւ թուրք ժողովրդի միջեւ: Այդ ընդհանրական ընկալումը եւ ըմբռնումը կարող է հանգեցնել հաշտեցման, ինչը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել»:

 

Ջոն Ստենմայերը խոսելով ծրագրի իրականացման ընթացքի մասին, նշել է, որ «կամուրջներ ձեւավորելն այլեւս հնարավոր է»:

 

Սերա Ակջանն ասել է, որ ծրագրում ընդգրկված մասնակիցները փորձել են լրացնել այն բացը, որ կա երկու երկրների միջեւ:

 

«Այո՛, մենք պետք է առերեսվենք մեր անցյալի հետ: Մենք պետք է վերապրենք մեր անցյալը՝ առաջ նայելով դեպի ապագան», - ասել է նա:

 

Անուշ Բաբաջանյանն էլ նշել է, որ «մասնակիցների միջեւ ստեղծված կապը մեծ կարեւորություն ունի եւ այն շարունակություն կունենա»:

 

Ծրագրի շրջանակներում արված 72 լավագույն աշխատանքները ներկայացնող այս ցուցահանդեսը կգործի մինչեւ փետրվարի 7-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին