ԵՄ դեսպանը 2017-ը տեսնում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի տարի - Mediamax.am

6545 դիտում

ԵՄ դեսպանը 2017-ը տեսնում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի տարի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ ցանկանում է 2017 թվականը դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի տարի։

«Մենք հավատում ենք, որ այս տարին հնարավորություն կընձեռի վճռական քայլ կատարել կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասել է դիվանագետը՝ հանդես գալով «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում։

 

Նա ողջունել է Հայաստանի նոր կառավարության եւ քաղաքացիական հասարակության կողմից արված քայլերը, որոնք արտահայտվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններով։

 

«Արշավի նպատակն է հայ հասարակության լայն շրջանակներին քարոզել կոռուպցիայի դեմ պայքարը։ Այս նախաձեռնության հաջողությունը մեծամասամբ կախված է հասարակ մարդկանց արձագանքներից»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության համար կարեւոր է «օգտագործել մարդկային ներուժը եւ մի շարք նորարարական գործիքներ»։

 

«Էլեկտրոնային գործքիքները հնարավորություն են տալիս թափանցիկություն, արդյունավետություն եւ մասնակցային կառավարման համակարգ ձեւավորել։  Մենք ցանկանում ենք հասնել դրան», - նշել է նա։

 

Իր հերթին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նկատել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը վերջին վեց ամիսներին բավական լուրջ արդյունքներ է տվել, ինչը մեծամասամբ պայմանավորված է ապրիլյան պատերազմի ազդեցությամբ։

 

Կարեն Զադոյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու է էլեկտրոնային հարթակ,  որտեղ քաղաքացիները անանուն կերպով կարող են կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդագրություններ տեղադրել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին