ԱՄՆ դեսպան. Քառօրյա պատերազմը վեր հանեց կոռուպցիայի քայքայիչ դերը - Mediamax.am

9237 դիտում

ԱՄՆ դեսպան. Քառօրյա պատերազմը վեր հանեց կոռուպցիայի քայքայիչ դերը


Ռիչարդ Միլսը
Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում դեռ շատ անելիքներ կան։

«Ուրախալի ու հուսադրող է, որ վարչապետ Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարն իր հրապարակային ելույթներում հիշատակում է որպես գերակա ուղղություն, ու ինձ գոտեպնդում է այն, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ շիտակ խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա»,- ասել է դիվանագետը՝ փետրվարի 1-ին հանդես գալով Հայ-ամերիկյան առեւտրային պալատի ներկայացուցիչների առջեւ:

 

ԱՄՆ դեսպանը նկատել է, որ «քառօրյա պատերազմի օրերին եւ հաջորդիվ հանրային բանավեճերում ուրվագծվել է այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում»:

 

Կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալի առաջընթաց ունենալու համար կառավարությունը պետք է հանդես բերի քաղաքական կամք, ասել է Ռիչարդ Միլսը:

 

«Կառավարությունը պետք է ամրապնդի ու լիազորություններ տա հանրային հաստատություններին բոլոր մակարդակներում եւ հստակ ուղերձ հղի վերեւից, որ կոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու եւ որ ոչ ոք օրենքից վեր չէ»,-ասել է ԱՄՆ դեսպանը:

 

Նա առաջարկել է կառավարությանն ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունը՝ որպես անկախ կառույց: Ռիչարդ Միլսը նաեւ կառավարությանը առաջարկել է քննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին