Ազնավուրին է հանձնվել իր տուն-թանգարանի բանալին - Mediamax.am

18310 դիտում

Ազնավուրին է հանձնվել իր տուն-թանգարանի բանալին


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությունը:

«Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ, ջերմ միջավայրում՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում, որի առկայությունը Երեւանում պատիվ է բերում ոչ միայն Երեւանին, այլ մեր ողջ հասարակությանը»,- ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ազնավուր լեգենդը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային ու Հայաստանին, այլեւ համայն մարդկությանը:

 

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները շաղկապված են հազարավոր թելերով, եւ դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդն այցելել են Հայաստան, ընդ որում՝ Օլանդը երեք անգամ. նախագահի պաշտոնում՝ երկու անգամ: Ես հույս ունեմ, որ նորընտիր նախագահ պարոն Էմանուել Մակրոնն այս ավանդույթը կշարունակի, Մաեստրո՛, եւ մենք Ձեզ հետ միասին նրան կդիմավորենք այս տուն-թանգարանում»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

 

«Ազնավուր» հիմնադրամի նպատակն է մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաեւ կրթական, մշակութային եւ սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը։ 

 

Ազնավուրի կեցավայր-թանգարանի շենքում է բացվելու Հայաստանում առաջին ինտերակտիվ թանգարանը՝ նվիրված շանսոնյեի կյանքին ու գործունեությանը։ Այն նաեւ դառնալու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ հերոսը թանգարանի այցելուներին իր կյանքի պատմությունն անձամբ է պատմում. տեքստերն ու աուդիո ձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են։

 

«Մեծ ուրախությամբ եմ հայտարարում Հայաստանում «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին։ Համահիմնադիրը որդիս է՝ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամը կշարունակի 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը: Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի երեւանյան կեցավայրում թանգարան ստեղծել: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ եւ կդառնա Երեւանի կարեւորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը եւ կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:

 

Այս որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ՝ տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրականացված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերականգնումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված:

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր աջակիցներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին եւ իր աշխատակազմին, մշակույթի եւ արտաքին գործերի նախարարություններին։ Այս նախագիծը իրականություն չէր դառնա առանց մեր գործընկերների, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր IDeA հիմնադրամի համահիմնադիրներ, մեր բարեկամներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի եւ Նուբար Աֆեյանի, ովքեր սատարում են մեր ամեն քայլին այս ճանապարհին»,- ասել է Շառլ Ազնավուրը։

 

Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երեւանյան թանգարանին նվիրաբերել երգչի բոլոր պարգեւները, անձնական իրերը եւ այն ամենը, ինչ կազմում է մաեստրոյի ժառանգությունը: Հիմնադրամի ծրագրերի մշակումը եւ իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամի գլխավոր տնօրենն է Քրիստինա Սարկիսյանը։

 

«Ինձ համար պատիվ է եւ հպարտություն, որ հայրս նման պատասխանատու գործը՝ Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելնինձ է վստահել: Անկախ մեր ժողովրդին հանդիպած բոլոր մարտահրավերներին՝ մենք հազարամյակների ամուր ու խոր արմատներ ունենք, եւ մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին», - նշել Նիկոլա Ազնավուրը։

 

«Հայաստանիզարգացմաննախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հանդես է գալիս որպես հարթակ՝ ինտերակտիվ թանգարանի ստեղծման նախագծում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին