Շառլ Ազնավուրի որդին մկրտվել է Տաթեւում - Mediamax.am

54946 դիտում

Շառլ Ազնավուրի որդին մկրտվել է Տաթեւում


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մայիսի 31-ին այցելել է Տաթևի վանական համալիր։

Մաեստրոյին ուղեկցում էին որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։ 

 

Շառլ Ազնավուրի առաջին կանգառը «ՏաԹեւեր» ճոպանուղու Հալիձոր կայանում էր, որտեղ երգչին դիմավորեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը, ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը, հիմնադրամի աշխատակիցները։

 

Էդգար Մանուկյանը Շառլ Ազնավուրին եւ հյուրերին ներկայացրեց «ՏաԹեւեր» ճոպանուղու կառուցման պատմությունը, «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերը։ 

 

«Տաթեւատան» տարածքում կարճատեւ դադարից հետո Ազնավուրը որդու եւ ընկերների հետ ճոպանուղով ուղեւորվեց Տաթեւի վանական համալիր, որտեղ հյուրերին սպասում էին Տաթեւի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանը, տեղի բնակիչները, զբոսաշրջիկներ։

 

Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվեց Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանի։ Արարողությունն ուղեկցվում էր Տաթեւի վանական երգչախմբի կատարումներով։

 

«Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ Ծնողներս այնքան երջանիկ կլինեին՝ իմանալով, որ երկու որդիներս՝ Միշան եւ Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին», - ասաց Շառլ Ազնավուրը։

 

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։ Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանեց, որ Տաթեւի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։

 

Ուղեւորության ողջ ընթացքում Շառլ Ազնավուրը չէր բաժանվում իր ֆոտոխցիկից՝ փորձելով գեղեցիկ կադրեր որսալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին