Խաղաղության կորպուսը կամրջում է ՀՀ-ն ու ԱՄՆ-ն, ասել է դեսպանը - Mediamax.am

8167 դիտում

Խաղաղության կորպուսը կամրջում է ՀՀ-ն ու ԱՄՆ-ն, ասել է դեսպանը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ասել է, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները շարունակում են մեծ ներդրում ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հարցում։

Այս մասին դեսպանն ասել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորների երդման արարողության շրջանակում։

 

«Այս ծրագիրը միտված է մեր երկրների միջեւ կամուրջներ ձեւավորելուն։ Ամերիկացի կամավորները Հայաստանում ոչ միայն կիսվում են իրենց գիտելիքներով եւ հմտություններով, այլեւ սկսում են ավելի լավ ճանաչել Հայաստանը՝ բացահայտելով երկու երկրների նմանությունները»,- ասել է Ռիչարդ Միլսը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է շարունակել կորպուսի գործունեությունն առաջիկա տարիներին եւս։

 

Խաղաղության կորպուսի նոր կամավորները շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ առաջիկա երկու տարիներին կաշխատեն տեղի դպրոցների, համալսարանների եւ հասարակական  կազմակերպությունների հետ՝ որպես անգլերենի ուսուցիչներ եւ տարբեր ծրագրերի կամավորներ։

 

Նոր խմբի համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գյուղական վայրերում եւ քաղաքներում այժմ կծառայի Խաղաղության կորպուսի մոտ 110 կամավոր։

 

Երեւան ժամանած Խաղաղության կորպուսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շիլա Քրաուլին էլ ընդգծել է, որ ամերիկացի երիտասարդները շարունակում են մեծ  հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։

«Հայաստանը զարմանալի երկիր է, ունի հարուստ մշակույթ, գեղեցիկ լեզու։ Դա շատ է գրավում մեր կամավորներին։ Նրանք օգնում են հայաստանցիներին ավելի մրցունակ լինել համաշխարհային շուկայում»,- ասել է Շիլա Քրաուլին։

 

ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի կողմից: 1992-ից մինչ այսօր Հայաստանում աշխատել են Խաղաղության կորպուսի 1000 կամավորներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին