Բրոդսկու ընկեր Թոմաս Վենցլովան՝ արտագաղթը պոետին չի սպանում - Mediamax.am

exclusive
11805 դիտում

Բրոդսկու ընկեր Թոմաս Վենցլովան՝ արտագաղթը պոետին չի սպանում


Թոմաս Վենցլովան
Թոմաս Վենցլովան

Լուսանկարը` Delfi

Թոմաս Վենցլովան
Թոմաս Վենցլովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Թոմաս Վենցլովան
Թոմաս Վենցլովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


80-ամյա լիտվացի բանաստեղծ, թարգմանիչ Թոմաս Վենցլովան Հայաստան առաջին այցից ավելի քանի 50 տարի անց նորից մեր երկրում է:

 

Վենցլովան, ով համարվում է, այսօր ապրող ամենահայտնի լիտվացիներից մեկը, լիտվերեն է թարգմանել Բրոդսկու, Պաստեռնակի, Ախմատովայի, Բոդլերի, Էլիոտի, եւ այլ գրողների ստեղծագործություններ: Նրա բանաստեղծությունները եւս թարգմանվել են մի շարք լեզուներով՝ անգլերեն, հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, ռուսերեն…: Նա ընկերություն է արել Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Իոսիֆ Բրոդսկու եւ Չեսլավ Միլոշի հետ:

 

Երեկոյի առաջին 40 րոպեներին գրողն ընթերցեց իր բանաստեղծությունները՝ առաջինն ու վերջինը լիտվերեն, որ լսարանը զգա բնագիր լեզվի հնչողությունը, մյուսները կարդաց ռուսերեն: «Այսօր Փարաջանովի հիասքանչ թանգարանում էի, եւ տնօրենը բացատրում էր Փարաջանովի կոլաժները: Ես էլ մոտավորապես նույնն եմ անելու, թեեւ իմ բանաստեղծությունները Փարաջանովի կոլաժներին բացարձակ նման չեն»,- ասաց գրողը՝ փոքրիկ մեկնաբանություններով ընդհատելով ընթերցանությունը:

 

Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանում Լիտվայի դեսպանատունը՝ Mirzoyan Library-ի եւ Մեդիամաքս մեդիա ընկերության հետ համատեղ, որի տնօրեն Արա Թադեւոսյանն էլ վարեց երեկոն:

 

Ամերիկան՝ հանգրվան այլախոհ գրողի համար

 

Հունգարական հեղափոխության ազդեցության տակ ես դարձա հակախորհրդային հայացքների տեր՝ ի տարբերություն հորս, որը խորհրդային բանաստեղծ էր: Բայց մեզ հաջողվեց պահպանել սիրող հոր եւ որդու հարաբերությունները, ինչի համար ուրախ եմ: Լիտվայում բոլորին էր պարզ, որ ես այլ մարդ եմ, այլ կերպ եմ մտածում եւ գրում:

 

Դա դարձավ իմ արտագաղթի պատճառը: Արդեն 40 տարի Ամերիկայում եմ ապրում:  30 տարի աշխատել եմ համալսարանում: Ինձ ասում էին՝ երբ թոշակի գնամ, սարսափելի կկարոտեմ համալսարանը: Ցավոք, չեմ կարոտում, թեեւ հաճույքով էի աշխատում եւ ուսանողներն ընդունում էին ինձ:

 

Առաջին թարգմանությունդ, ինչպես կյանքիդ առաջին կինը

 

Թարգմանել սկսել եմ Ախմատովայի գրականությունը: Առաջին փորձս էր, եւ այդ բանաստեղծություններն ինձ շատ են դուր գալիս։ Ինչպես միշտ հիշում ես կյանքիդ առաջին կնոջը, այդպես էլ հիշում ես առաջին թարգմանություններդ։

Թոմաս Վենցլովան Թոմաս Վենցլովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Թարգմանությունից ուրախությունն ավելի շատ է, քան՝ սեփական բանաստեղծություններից: Քո գրականության դեպքում ավելի շատ գրածիդ թույլ լինելն ես զգում, մտածում ես, որ այս հատվածը ավելի լավ պիտի անեիր։ Իսկ թարգմանությունը քեզնից անջատ, ինքնուրույն է ապրում։ Որքան էլ անհարմար է խոստովանելը, երբեմն ինքդ քեզնով հիանում ես, մտածում ես՝ ստացվեց, կեցցեմ։ Եթե հաջողվում է, մեծ բավարարվածություն ես զգում։ Իսկ սեփական բանաստեղծությունները երբեք լիակատար բավարարվածություն չեն պատճառում։

 

Թարգմանչական դպրոցների տարբերությունը

 

Կա թարգմանչական երկու մեծ դպրոց՝ արեւելյան եւ արեւմտյան։ Արեւմուտքում հիմա անում են բառացի թարգմանություն (подстрочник): Հանգավորված, որոշակի ձեւով, չափով գրված բանաստեղծությունը թարգմանում են արտահայտություն առ արտահայտություն, հնարավորինս ճշգրիտ, բայց ստացվում է բառացի թարգմանություն։ Հիմա Լիտվայում էլ սկսել են այդպես թարգմանել։ Իսկ արեւելյանը Պաստեռնակի, Մարշակի եւ այլ խոշոր թարգմանիչների դպրոցն է։ Նրանք փորձում են ստեղծել ռուսերեն լավ պոեզիա՝ օգտագործելով ուրիշ մեկի բանաստեղծական հումքը։ Եթե բանաստեղծը մեծ ջանքեր է գործադրում կամ եթե իսկապես հանճարեղ է, ապա ստացվում է։ Կարեւորը՝ քո լեզվով  լավ բանաստեղծություն դառնա, եւ հնարավոր լինի հասկանալ՝ ինչ տեքստ է կանգնած դրա հետեւում։

 

Մշակութային քաղաքում հրատարակվող բանաստեղծը

 

Մի օր Լեհաստանի ընկերներիցս մեկը գրեց, որ սկսել է ճանաչել ինձ որպես պոետի՝ շնորհիվ լեհ մեծ բանաստեղծի թարգմանությունների: Անմիջապես պատասխանեցի, որ գուշակում եմ, թե ով է թարգմանիչը, որովհետեւ մեծ բանաստեղծներն աշխարհում շատ չեն: Փարիզում լույս էր տեսնում լեհ գաղթականների համար կարեւոր մի ամսագիր՝ «Կուլտուրա»-ն, որին թղթակցում էր լեհ գրող Չեսլավ Միլոշը: Ես ընկերոջս հարցրեցի, թե որտեղ էր հրատարակվել իմ բանաստեղծությունը: Գրեցի, որ կարծում եմ, թե լույս է տեսել մշակութային մի քաղաքում՝ ակնարկելով Փարիզն ու «Կուլտուրա» ամսագիրը: Նա ինձ հասկացավ, գրեց՝ այո, ճիշտ եք: Հետո գաղտնի բերեցին ամսագրի այդ համարը, եւ ես ինձ ասպետ զգացի. եթե գրում ես բանաստեղծություններ, որը թարգմանում է Միլոշը, ուրեմն դրանք ինչ-որ բան արժեն:

 

«Լիտվական նոկտյուռնի» պատմությունը

 

Չնայած նշվում է, որ Բրոդսկին «Լիտվական նոկտյուռնը» գրել է 1974 թվականին, իրականում դա այդպես չէ: Նա սկսեց գրել այդ բանաստեղծությունը դեռ Խորհրդային Միությունում, անավարտ թողեց, հետո ԱՄՆ-ում կրկին վերադարձավ դրան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բավական հաճախ էր ինձ զանգում՝ տարբեր մանրամասներ ճշտելու համար: Բանաստեղծության մեջ նա հիշատակում է լիտվացի օդաչուներ Դարիուսին եւ Գերենասին, որոնք 1933 թվականին ԱՄՆ-ից թռչեցին Լիտվա եւ վախճանվեցին Գերմանիայի տարածքում: Մասնավորապես, Բրոդսկին հարցնում էր, նրանք մոնոպլա՞ն էին վարում, թե բիպլան: Երբ բանաստեղծությունն ավարտեց, զանգահարեց ինձ եւ կարդաց: Իհարկե, ինձ շատ հաճելի է, որ Բրոդսկին ինձ նման բանաստեղծություն է նվիրել:

 

Արտագաղթը չի սպանում պոետին

 

1944 թվին Լիտվայի գրական դեմքերի կեսից ավելին արտագաղթել էր: Բոլորը փախչում էին բոլշեւիկներից, որովհետեւ վախենում էին, որ նրանք կգան ու ամեն ինչ վատ կավարտվի: Հավանաբար՝ ճիշտ էին: Շատերը շարունակում էին գրել՝ չապրելով Լիտվայում: Երբ ես մեկնում էի, վախեր ունեի, բայց դրսում գրեցի ոչ պակաս, քան՝ Լիտվայում, եւ կհամարձակվեմ կարծել՝ ոչ վատ: Ինձ համար կարեւոր էր ապացուցել, որ կարելի է շարունակել գրել՝ լինելով էմիգրանտ, եւ դա ողբերգություն չէ բանաստեղծի համար:

Թոմաս Վենցլովան Թոմաս Վենցլովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Բանաստեղծություններ կկարդան ու կգրեն քանի դեռ կա մարդկություն

 

Ինչպես շատերը, ես էլ երբեմն անհանգստանում եմ, որովհետեւ թվում է՝ հիմա ավելի վատ են գրում, քան՝ իմ սերունդը, եւ ոչ միայն Լիտվայում, այլեւ՝ ուրիշ երկրներում: Գուցե սխալվում եմ: Ինձ թվում է՝ պոեզիան արվեստի տեսակ է, որը չի մեռնում. լինում են տեղատվություններ եւ մակընթացություններ, ընդ որում՝ մակընթացությունները հաճախ համընկնում են վատ ժամանակների հետ, եւ հակառակը: Պոեզիայի պատմության մեջ տեղատվություններ շատ են եղել: Կարծում եմ՝ ամեն ինչ կվերադառնա, բանաստեղծություններ կկարդան ու կգրեն դեռ երկար, գուցե՝ քանի դեռ կա մարդկություն:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին