Իրանում տեղի ունեցած հարձակումների հետեւանքով հայեր չեն տուժել - Mediamax.am

8632 դիտում

Իրանում տեղի ունեցած հարձակումների հետեւանքով հայեր չեն տուժել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում՝ Մեջլիսի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների եւ դրանց հետեւանքով զոհերի ու վիրավորների կապակցությամբ:

«Խստորեն դատապարտելով ահաբեկչության եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորում՝ համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ:

 

Կարեւորելով մեր հարեւան եւ բարեկամ երկրում անվտանգությունն ու կայունությունը՝ վստահ եմ, որ Իրանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նման գործողություններն իսպառ կանխարգելելու ուղղությամբ»,- ասված է ուղերձում:

 

Իրանում ՀՀ դեսպանությունն էլ տեղեկացրել է, որ հարձակումներից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա:

 

Դեսպանությունը ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությամբ հորդորել է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ եւ մարդաշատ վայրեր այցելություններից:

 

Արտակարգ իրավիճակներում հայտնվելու դեպքում դեսպանությունը խորհուրդ է տալիս անհապաղ կապ հաստատել Իրանում Հայաստանի դեսպանության հետ (e-mail: armiranembassy@mfa.am, հեռ.՝ (0098) 21 6670 4833, հասցե՝ Ջոմհուրի-ե Էսլամի պող., Ռազի պող., Օսթադ Շահրիյար փող., թիվ 32)։

 

Իրանի արդարադատության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ հարձակումների հետեւանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ 4 ահաբեկիչ։

 

Վիրավորների թիվը 42 է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին