ՀՀ-ն ականազերծման հարցում կարող է աջակցել նաեւ այլ երկրների - Mediamax.am

6265 դիտում

ՀՀ-ն ականազերծման հարցում կարող է աջակցել նաեւ այլ երկրների


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ը (ՀԱՓԿ) այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հակաականային գործունեության ու աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության մասին:

«Բոլորս շատ լավ գիտակցում ենք ականազերծման նշանակությունը մեր ժողովրդի անվտանգության համար, եւ դա դիտարկում որպես աղետների ռիսկի նվազեցման միջոցառում: Ականային խնդիրն աղետների ռիսկի առաջացման աղբյուր է եւ աղետների դեպքում լուրջ խոչընդոտ կարող է դառնալ փրկարարական աշխատանքների իրականացման համար»,- ասել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը:

 

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն էլ նշել է, որ ականային խնդրի լուծումը կապված է նաեւ երկրի տնտեսական ենթակառուցվածքների ու համայնքների համաչափ զարգացման հետ:

 

«Այս հուշագիրը համագործակցության նոր հարթակ է, որի շնորհիվ մենք կարող ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր: Միաժամանակ՝ սա մեր երկրին հնարավորություն կտա մյուս երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերել նաեւ ականազերծման գործընթացում»,- ասել է Ռուբեն Առաքելյանը:

 

Կողմերը համագործակցությունը կզարգացնեն հետեւյալ ուղղություններով՝

 

- Ականների վտանգի իրազեկում, որի նպատակն է նվազեցնել կամ չեզոքացնել ականների եւ/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների ազդեցությունը մարդկանց կյանքի եւ առողջության վրա՝ վերջիններիս ուսուցման եւ իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով,

- Ականների եւ/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների հայտնաբերման, ականային պատահարների եւ ականներից տուժած անձանց մասին տեղեկությունների փոխանցում ՀԱՓԿ-ին,

- Հակաականային գործողություններում տեխնիկական եւ մասնագիտական օժանդակության տրամադրում,

- Հակաականային գործողությունների եւ աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ դասընթացների կազմակերպում:

 

ԱԻՆ-ում նշել են, որ նախատեսվում է համայնքների անձնագրերում ընդգրկել տեղեկություններ՝ այնտեղ առկա ականապատ տարածքների մասին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին