Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա-ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ապրիլ ամսվա ընթացքում շարունակել է հետեւել օնլայն մեդիայում հետեւյալ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին՝ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Տարոն Մարգարյան, Վիգեն Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Գագիկ Ծառուկյան:
Նախորդ ամսվա ընթացքում քաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ որոշ գործիչների մասով հրապարակումների աննախադեպ աճ է գրանցվել:
2018թ. ապրիլին մոտ 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչներն են.
1.Նիկոլ Փաշինյան՝ 21 345 հիշատակում (2018թ. մարտին՝ 2 341 հիշատակում):
2.Սերժ Սարգսյան՝ 20 332 հիշատակում (2018թ. մարտին՝ 9 816 հիշատակում):
3.Կարեն Կարապետյան՝ 8 237 հիշատակում (2018թ. մարտին՝ 4 034 հիշատակում):
MaxMonitor համակարգում առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում են որոշակի որակական ցուցանիշներ:
MaxMonitor-ի մասնագետներն այս ընթացքում վերլուծության են ենթարկել ընդհանուր առմամբ 10 500 հոդվածներ, որոնցում այս կամ այն կերպով անդրադարձ է եղել թվարկված քաղաքական գործիչներին:
Ամսվա սկզբին լրատվամիջոցների ներկայացուցիչները, տարբեր հասարակական եւ քաղաքական գործիչներ վերապահումներով եւ չեզոք երանգավորմամբ են անդրադարձել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» արշավին եւ «Մերժիր Սերժիր» ակցիային:
Լուսաբանման ծավալները կտրուկ ավելացել են ապրիլի 17-ից հետո, երբ նախաձեռնությունը սկսեց մեծ թափ հավաքել եւ վերածվել համաժողովրդական շարժման: Դրան զուգահեռ լրատվամիջոցներում ավելացել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դրական հիշատակումների քանակը:
Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական գործիչների վերաբերյալ դրական, չեզոք եւ բացասական հիշատակումների բաշխվածությունը:
Քաղաքական գործիչ | Դրական | Չեզոք | Բացասական |
Սերժ Սարգսյան | 1150 | 3726 | 542 |
Նիկոլ Փաշինյան | 1197 | 3853 | 328 |
Կարեն Կարապետյան | 786 | 1261 | 65 |
Արմեն Սարգսյան | 866 | 873 | 5 |
Վիգեն Սարգսյան | 134 | 263 | 11 |
Գագիկ Ծառուկյան | 35 | 155 | 0 |
Լեւոն Տեր-Պետրոսյան | 28 | 134 | 6 |
Տարոն Մարգարյան | 56 | 94 | 7 |
Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բացասական երանգավորում ունեցող հիշատակումների մեծ մասը գոյացել է ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրություններից, որտեղ նշվում էր, որ Փաշինյանի կազմակերպած հավաքներն «ապօրինի» են եւ ուղեկցվում են «հակաիրավական գործողություններով»:
ՀՀ երրորդ նախագահի վերաբերյալ բացասական հիշատակումների մեծ մասը նրա գործունեությունը քննադատող հոդվածներ են եւ շարժման ակտիվիստների հնչեցրած գնահատականները:
Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: