Գործադիրը կծանոթանա Ամուլսարի փորձագիտական եզրակացությանը - Mediamax.am

5289 դիտում

Գործադիրը կծանոթանա Ամուլսարի փորձագիտական եզրակացությանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ գործադիրը կծանոթանա Ամուլսարի հանքի շահագործման նպատակով իրականացված փորձագիտական խմբի ներկայացրած ամբողջական փաստաթղթին եւ համապատասխան եզրակացություն կանի։

Փաստաթուղթը կառավարությանն է փոխանցվել օգոստոսի 13-ին։

 

Վարչապետի խնդրանքով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է 200 էջից բաղկացած եզրակացությունը։ 

 

 

«Ներկայացված եզրակացության համաձայն, Ամուլսարի ստորգետնյա ջրերի եւ Ջերմուկի տերմալ աղբյուրների միջեւ որեւէ կապ չկա։

 

Ամուլսարի ստորգետնյա ջրերի եւ Սեւանա լճի ավազանի միջեւ որեւէ կապ եւս չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով դեպի Սեւանա լճի ավազան, բայց կոնցենտրացիայի համակցությունը Սեւանա լճի ավազանում աննշան կլինի։ 

 

Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա հնարավոր է լինի, սակայն, եթե Լիդիանը ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող մեղմման 16 միջոցները, ապա այդ ռիսկերը կլինեն կառավարելի»,-հայտնել է Հայկ Գրիգորյանը։ 

 

Նա տեղեկացրել է, որ Լիդիանի փորձագետները պատրաստ են կիրառել ներկայացված 16 առաջարկներից 15-ը, ընդ որում 10-ն արդեն իսկ իրականացվում են, իսկ 5-ը պատրաստ են կիրառել ապագայում։ Մեկն էլ, որը դեռեւս քննարկման փուլում է, վերաբերում է հանքի շահագործումից հետո մեղմման միջոցների կիրառումը 100 տարվա փոխարեն 500 տարի սահմանելուն։

 

«Ստացված եզրակացությունը թույլ է տալիս ենթադրելու, որ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով քրեական հետապնդման իրականացնելու որեւէ հիմք չկա։ Ուղղությունը դեպի գործի կարճումն է»,- նշել է Քննչական կոմիտեի նախագահը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին