Ծածկած Շուկան. պատմության ու ներկայի, հիշողության եւ իրականության միջեւ` մաս III - Mediamax.am

exclusive
5703 դիտում

Ծածկած Շուկան. պատմության ու ներկայի, հիշողության եւ իրականության միջեւ` մաս III


Ծածկած Շուկան:
Ծածկած Շուկան:

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:

Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:
Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:

Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:
Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:

Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:
Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:

Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:
Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:

Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:
Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:


Ավարտում ենք ճարտարապետության տեսաբան Եվա Սարգսյանի «Ծածկած Շուկան. պատմության ու ներկայի, հիշողության եւ իրականության միջեւ» էսսեի հրապարակումը:

 

Կարդացեք նաեւ առաջին եւ երկրորդ մասերը:

 

Մաս 3: Ինքնության կարեւորումն ու դրա կորստի սահմանագիծը պատմական ճարտարապետության մեջ

 

Եվա Սարգսյան, ճարտարապետության տեսաբան

 

Իսկ ի՞նչ կարելի է ասել կառույցի որոշակի ադապտացիայի մասին: Վենետիկի խարտիայի մեկ այլ կետում ասվում է, որ հուշարձան-կառույցի պահպանությունը առավել նպատակահարմար է դառնում, երբ այն կիրառելի է որոշակի հանրային գործառույթների իրականացման տեսանկյունից, սակայն այդ կիրառման արդյունքում չպետք է փոխվեն կառույցի դեկորատիվ լուծումներն ու կառուցվածքը:

 

Մյուս կողմից, միջազգային փորձը հարուստ է հոյակապ օրինակներով, թե ինչպես կարելի է հուշարձանի կարգավիճակ ունեցող կամ ուղղակի հին կառույցին որոշակի ադապտացիայի եւ մասնակի ձեւափոխման միջոցով նոր կյանք տալ: Այս պարագայում կարեւոր է ֆիքսել, թե կառույցի կարեւորությունն ինչումն է կայանում, ինչ պարամետրերի միջոցով է այդ կարեւորությունն արտահայտվում եւ ինչպես կարելի է ադապտացումն իրականացնել՝ առանց այդ պարամետրերը խաթարելու:

 

Կոնկրետ Փակ Շուկայի դեպքում այդ կարեւորությունը ճարտարապետական հուշարձան եւ հանրային հիշողության կրող՝ այսինքն, մշակութային հուշարձան լինելու մեջ է: Որպես ճարտարապետական հուշարձան կառույցի ճարտարապետական ինքնությունը, ամբողջականությունը, աուտենտիկությունը կայանում է.

 

Կոնստրուկտիվ համակարգի մեջ, այսինքն` կամարների աշխատանքը կառույցի ողջ ծավալային համակարգի մեջ: Այս առումով կառույցի մեջ որեւէ ծավալային կամ կոնստրուկտիվ միջամտություն անելը, որը կխաթարեր կամ կիմաստազրկեր այս կոնստրուկտիվ համակարգը եւ դրա համատեղ տրամաբանական աշխատանքը ընդհանուր կառուցվածքի մեջ, կարող է համարվել կառույցի արժեզրկում, աուտենտիկության խաթարում:

 

Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:

 

Ներքին տարածությունը, որը ձեւավորվում է կամարների ամբողջական ընկալման եւ հեռանկարի միջոցով: Այս տեսանկյունից կառույցի ներսույթի կառուցվածքի մեջ միջամտությունը, որն ամբողջովին կմասնատեր տարածությունը, հեռանկարը կարող է համարվել կառույցի արժեզրկում եւ աուտենտիկ կերպարի ու կառուցվածքի  խաթարում:

 

Դեկորատիվ լուծումները կառույցի կերպարն ամբողջացնող մասն են կազմում: Ցանկացած նոր դեկորատիվ էլեմենտի ներկայացում կառույցի մեջ կարող է խաթարել դրա աուտենտիկ գեղարվեստական կերպարը եւ այդպիսով արժեզրկել այն:

 

Կառույցի ճակատային լուծումն ու սիլուետը, որոնք դրա կերպարի, համաչափական կառուցվածքի կարեւոր բաղադրիչն են կազմում: Ճակատային կոմպոզիցիայի կամ ծավալա-տարածական կառուցվածքի մեջ նոր էլեմենտի ներմուծումը կարող է խաթարել կառույցի աուտենտիկությունն ու ամբողջականությունը եւ այդպիսով արժեզրկել այն:

 

Իսկ ի՞նչ գնահատական կարելի է տալ փաստացի արվածին: Ինչպես արդեն ասացի՝ որպես հանրային հիշողության օբյեկտ կամ մշակութային հուշարձան շուկան՝ որպես այդպիսին, թերեւս, պահպանել հնարավոր չէր: Համենայն դեպս, եթե դրա մեջ ներդրումներ է արել մասնավորը, տրամաբանական է, որ նա պետք է ձգտի հնարավորինս արագ դրանք ետ բերի: Այսինքն, շենքը որպես ոչ եկամտաբեր մշակութային կամ այլ բնույթի հանրային օբյեկտ կիրառելը այս պարագայում դառնում է անհնարին: Ինչ վերաբերվում է կառույցի ճարտարապետական կերպարի նկարագրին՝ ապա այն ամբողջովին աղավաղված եւ խաթարված է վերեւում նշված բոլոր կետերով: Մասնավորապես.

 

- Տարածությունը, ներսույթի հեռանկարը եւ կամարների ամբողջական ընկալումը խեղված է ներսում նոր ծավալի ներմուծմամբ: Ներսույթի ողջ իմաստն ու կերպարային առանձնահատկությունը, աուտենտիկությունը հենց տարածության ամբողջական ընկալումն էր, կամարների միջոցով միջավայրի կազմակերպումը:

 

Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:

 

Սակայն եթե ընդունենք, որ կառույցը պետք է կրեր որոշակի ձեւափոխություններ՝ ներկայումս կիրառելի դառնալու համար եւ այդ կիրառությունը որպես հանդիսական դահլիճ օգտագործելը չէ, ապա առաջարկված լուծումը, որն է ներքին տարածության մասնատումը հարկերի՝ առանձին ներմուծված կարկասային համակարգի միջոցով, որը միանշանակ ընկալվում է որպես առանձին համակարգ եւ չի միջամտում շենքի կառուցվածքային տրամաբանությանը, թերեւս, ամենավատ լուծումներից չէ: Այստեղ հարցը, առավելապես, այս լուծման իրականացման նրբությունների մեջ է՝ համաչափությունները, նյութի ընտրությունը՝ թվում է թե հարցին չօգնող անկարեւոր պարամետրեր, բայց որոնք, ճիշտ գտնելու դեպքում կարող էին կառույցի մեջ ներմուծված նոր համակարգին առավել թեթեւություն հաղորդել՝ օգնելով, որպեսզի այն առավել չեզոք լիներ եւ ներգծվեր միջավայրին՝ միաժամանակ լինելով ինքնուրույն ճարտարապետական թեմա եւ կոնստրուկտիվ համակարգ:

 

Մյուս կողմից, նման շեշտակի միջամտության մոտեցումը կարելի էր ավելի ընդունելի դարձնել՝ հին շենքից ռադիկալ տարբերվող, ժամանակակից էսթետիկայի թեմայով մի համակարգ, կոմպոզիցիա ստեղծելով: Որոշ դեպքերում հուշարձանի կառուցվածքի մեջ նման շեշտակի, ինքնուրույն ճարտարապետական թեմա հանդիսացող միջամտությունն ավելի ընդունելի է, քան վատ լուծված չեզոք միջամտությունը:

 

Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:

 

- Ներսույթի ձեւավորման մեջ ներմուծվել են նոր զարդամոտիվային էլեմենտներ՝ պատուհանների վիտրաժները, մետաղական բազրիքները, մուտքային հատվածի սալահատակը, որոնց մեջ փորձ է արվել պահպանել նախնական զարդամոտիվների կոմպոզիցիոն եւ թեմատիկ ուղղությունները: Դրանք նույն ֆլորալ թեմատիկ եւ երկրաչափական կոմպոզիցիայի ուղղություններն են շարունակում եւ ինքնին նույնպես վատ չեն լուծված: Սակայն Շուկայի՝ միջնադարը կրող ասկետիկ կերպարի կոնտեքստում դրանք շատախոս եւ պաճուճիկ են նայվում: Մի-քանի գիծ պակաս՝ եւ գուցե դրանք ավելի ընդունելի լինեին Շուկայի պարագայում:

 

Պետք է նշել նաեւ գլխավոր ճակատի չուգունե վիտրաժի «ոսկեձուլումը», որը սկզբնապես պատված էր բրոնզով: Արդյունքը շինծու եւ էժանագին է, մինչդեռ բրոնզը ծավալ, ինքնություն ունեցող, բնական նյութ է, որը վիտրաժի կերպարին որոշակի «քաշ» էր հաղորդում: Իսկ ոսկեպատ տարբերակով այն նմանվում է էժանագին բիժուտերիայի: 

 

Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:

 

- Կառույցի հետ կատարված ձեւափոխության հիմնական թեման կամարների քանդման փաստն է: Փաստացի քանդվել են կառույցի 19 կամարներից 12-ը՝ կեսից ավելին, եւ կառույցի ետնամասում գտնվող մսի պասաժը: Հաճախ հնչում է այն կարծիքը, որ դրանց քանդումը անհրաժեշտ էր վթարային վիճակում գտնվելու պատճառով: «Քաղսեյսմշին» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացության մեջ ասվում է, որ կառույցի կոնստրուկցիաների վնասվածությունը 3-րդ աստիճանի է: Սակայն, ըստ ինժեներ Թ. Մարգարյանի հավաստման, սա ուղղակի շահարկվող փաստարկ է, քանի որ խոսքը վերաբերվում է ոչ թե կամարների, այլ դրանց հիմքերի՝ կոռոզիայի ենթարկված լինելու հանգամանքին: Ըստ մասնագետի՝ այս խնդիրը գրունտային եւ տեխնիկական ջրերի առկայության արդյունք էր եւ այն հնարավոր էր վերացնել ամրակայման միջոցով, ինչը վերաբերվում է նաեւ կամարներին, որոնք իրականում վթարային վիճակում չէին գտնվում եւ կարիք ունեին միայն հավելյալ ամրակայման՝ սեյսմակայունության ժամանակակից նորմերին համապատասխանելու համար: Մասնագետը հավաստիացնում է, որ դրանք կառուցված էին խիտ տուֆաբետոնով, եւ դրանց մեջ գտնվող ամրանային ձողերը գտնվում էին միանգամայն բարվոք վիճակում, իսկ նկատված փոքրիկ կոռոզիոն օջախները չէին կարող վտանգ հանդիսանալ կոնստրուկցիային հուսալի շահագործման համար: Իսկ նույն եզրակացության մեջ ներկայացված այն փաստարկը, որ ողջ կառույցը չի համապատասխանում սեյսմակայունության ժամանակակից պահանջներին ու նորմերին, Թ.Մարգարյանի կարծիքով, միանգամայն հնարավոր էր լուծել ամրակայման միջոցով: 

 

Այլապես հուշարձան կառույցի կեսից ավելին քանդելը անընդունելի է թե իրավական, թե մասնագիտական տեսանկյունից: Դա հուշարձանի ամբողջական, աուտենտիկ կառուցվածքի խաթարում է: Մյուս կողմից, եթե կրկին ընդունենք, որ կառույցին նոր ֆունկիցա տալու կարիք կա, ապա մի՞թե գործարարության տեսանկյունից այդքան անհրաժեշտ էին հավելյալ հարկերը: Արդյո՞ք հնարավոր չէր եկամտաբեր շահագործել շենքը միայն ներքին հարկերի ավելացմամբ: Իդեալական ընթացակարգային պայմաններում սեփականատերը պետք է համապատասխան մարմիններին ներկայացներ իր ներդրումային եւ բիզնես ծրագրերի հաշվարկները եւ ապացուցեր, որ առանց այդ հավելյալ մակերեսների ավելացման իր համար աննպատակահարմար է ներդրում անելն ու շահագործումը:

 

Առավել անհասկանալի է մսի պասաժի ծավալի քանդումը, որի վթարային լինելու մասին կարծես թե խոսակցություններ չկային: Այս ծավալն առավել համեստ ճարտարապետությամբ եւ ոչ դոմինանտ կառույց էր, այն շատ հեշտ էր ներսից բաժանել հարկերի եւ ստանալ հավելյալ օգտագործման մակերեսներ:

 

Ծածկած Շուկան «վերանոգորումից» հետո:

Լուսանկարը` Ե. Սարգսյանի արխիվից:

 

- Ապակե ծավալի ավելացումը ոչ միայն խեղում է կառույցի ծավալատարածական հորինվածքի աուտենտիկությունն ու կոմպոզիցիոն ինքնությունը, աուտենտիկ ճարտարապետական կերպարը, այլեւ ինքնին ցածր մակարդակի ճարտարապետական կառուցվածք է, որով միայն նսեմացնում է շուկայի քարե ծավալի կերպարը: Իրականում, եթե կրկին ընդունենք, որ այդ ծավալի ավելացումն անհրաժեշտ էր, ապա ապակե չեզոք ծավալի միջոցով խնդրի լուծումը միջազգային պրակտիկայում ամենատարածված եւ հաջող լուծումներից մեկն է: Ապակին հնարավորություն է տալիս ստանալ թեթեւ, թափանցիկ եւ հնարավորինս չեզոք ծավալ կամ ճակատ, բայց այդ չեզոքության հետ մեկտեղ այն կարող է որոշակի ինքնուրույն ճարտարապետական խոսք, էսթետիկա ունենալ: Մինչդեռ այս տարբերակում այն լուծված է անթափանց ապակով եւ ներկայանում է իբրև կոպիտ եւ անտաշ զուգահեռանիստի ճարտարապետականորեն անհիմն ծավալ: Այն ոչ միայն չունի որեւէ էսթետիկա, կերպար, այլեւ իր կոպիտ ու անմշակ չեզոքությամբ տեխնիկական կցակառույցի տպավորություն է թողնում: Վստահ եմ, որ ցանկության դեպքում հնարավոր էր հայ ճարտարապետների մեջ գտնել այն ներուժը, որը թույլ կտար գտնել այս խնդրի լավագույն լուծումը: Վերջերս կայացած Հրապարակի ճարտարապետական մրցույթի մասնակից աշխատանքներից մի քանիսը եկան փաստելու, որ այսօրվա երիտասարդ ճարտարապետները որոշակի առումով տիրապետում են ապակե ճարտարապետության՝ աշխարհում տարածված էսթետիկային եւ նույնիսկ դրա՝ քարե ճարտարապետության մեջ ռադիկալ ինտեգրման մեթոդներին: 

 

Մաս 4: Հուշարձանի արժեւորումը: Ամփոփում

 

Ի՞նչ եզրահանգում կարելի է անել այս պատմությունից: Օրենսդրական, ընթացակարգային եւ այլ զանցանքներից զատ, որոնց չենք անդրադառնա, հիմնական եզրակացությունը հետեւյալն է. հուշարձան կառույցը պետք է կարողանալ արժեւորել մշակութայնացնացնելով այն՝ տեսնելով այն ոչ միայն որպես ապագային, այլեւ ներկային ուղղված արժեք:

 

Հուշարձանի արժեւորման հարցը ոչ միայն մշակութային եւ մշակութաբանական խնդիր է, այլեւ նեղ ճարտարապետական: Այստեղ գործ ունենք կառույցի աուտենտիկության եւ ինքնության հստակ պարամետրավորման հետ՝ նշահարելով, թե կոնկրետ ո՞ր կառուցվածքներն են պայմանավորում դրա այս կամ այն արժանիքը եւ, համապատասխանաբար, որքանով կարող է թույլատրելի լինել հուշարձանի մեջ որեւէ միջամտություն անելը: Կարծում եմ, այս առումով տեղին է խոսել նաեւ վերջերս քննարկվող՝ հուշարձանների պահպանության մասին օրենքում փոփոխության մասին, որի համաձայն հուշարձանի մեջ փոփոխություն անելը դառնում է հնարավոր: Թեեւ սկզբունքայնորեն հուշարձան կառույցի մեջ ադապտացման նպատակով որոշակի միջամտություններ անելն ընդունելի է, այնուհանդերձ, պետք է ոչ միայն շատ զգուշավոր լինել տերմինների եւ, մասնավորապես, «փոփոխություն» բառի օգտագործման հարցում, այլեւ նման կետ ավելացնելուց հետո ունենալ մի առանձին կանոնակարգ, որը հստակ կֆիքսի, թե փոփոխություն ասվածը որն է, որտե՞ղ է սկսվում եւ որտեղ ավարտվում: Իրականում հուշարձանի մեջ փոփոխություն անելը մեծ հաշվով անհեթեթություն է, քանի որ հուշարձանը այդպիսին է համարվում հենց իր ձեւավորված, աուտենտիկ ինքնության համար: Փոփոխել` նշանակում է կորցնել այն, ինչի համար կառույցը համարվել է հուշարձան: Սակայն նախորդ էջերում ներկայացվեց այն հանգամանքը, որ հուշարձանը հաճախ կիրառելի դարձնելու եւ այդ կիրառելիության միջոցով պահպանելու խնդրի առաջ է կանգնում: Այսինքն` պետք է լինում այն ադապտացնել իրականությանը, ներկա պայմաններին: Կարծում եմ, որ տվյալ պարագայում առավել ճիշտ է օգտագործել «ադապտացնել» բառը, որը ենթադրում է հարմարեցում, բայց ոչ պարտադիր փոփոխության միջոցով:

 

Մյուս կողմից, ադապտացիա կամ առավել եւս փոփոխություն թույլ տալով կառույցի մեջ, պետք է հստակ դրույթավորել, թե տվյալ կառույցի ո՞ր կառուցվածքներն են որոշակի միջամտության ենթակա եւ որոնք՝ ոչ: Սա պետք է ֆիքսված լինի մեկ կանոնակարգի տեսքով, որտեղ կդրույթավորվեն հուշարձանի կառուցվածքային բաղադրիչները` ըստ ժամանակաշրջանի կամ այլ պարամետրերի, եւ կֆիքսվեն այդ կառուցվածքների կարեւորությունը կամ արժեւորման մեխանիզմները: Բացի այդ, յուրաքանչյուր հուշարձան շենք պետք է ունենա իր կառուցվածքի մանրամասն նկարագրություն եւ ֆիքսում, որտեղ հստակ կնշահարվեն, թե ո՞ր պարամետրերն են պայմանավորում վերջինիս արժեքը: Նման միջոցառումները շատ կարեւոր են հատկապես մեր իրականության պարագայում, քանի որ մեզանում ճարտարապետությանն առնչվող լեզվամտածողությունը եւ դիսցիպլինացումը կայացած չեն, ինչը հաճախ տեղ է տալիս անհատական, սուբյեկտիվ մեկնաբանությունների, որոնք լուրջ մասնագիտական հիմնավորում չեն ունենում եւ չեն պարունակում հղումներ այս կամ այն օրենքին:

 

Հուշարձանային խնդիրը մեզանում կդադարի այդքան ցավոտ լինել ոչ միայն օրենսդրության, կանոնակարգերի եւ ընթացակարգերի հստակ կիրառման, այլեւ հուշարձանի համարժեք մշակութայնացման դեպքում, այն ժամանակ, երբ կարժեւորվի որպես հստակ հաղորդագրությունների եւ ակտուալ հիշողության կրող:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին