Երկընտրանք, որն իրականում չկա - Mediamax.am

Երկընտրանք, որն իրականում չկա
10794 դիտում

Երկընտրանք, որն իրականում չկա


Այսօր իմ լավ բարեկամ Մայքլ Կամբեկը մեզ ուղարկեց իր հերթական սյունակը: Քանի որ Մայքլի օգնականները զբաղված էին եւ սյունակի հայերեն թարգմանությունը կարող էր ուշանալ, որոշեցի ինքս արագ թարգմանել այն: Երեւի, դա էր պատճառներից մեկը, որ շատ ուշադիր կարդացի սյունակը ու նկատեցի կետեր, որոնք, կարծում եմ, փոքր-ինչ սխալ շեշտադրումներ են պարունակում:

Մայքլը Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի դաշինքը ներկայացնում է որպես կայացած փաստ: Կարծում եմ, քանի դեռ նախկին նախագահները կամ նրանց խոսնակները չեն հայտարարել նման դաշինքի մասին, այդ պնդումը կարող է զուտ ենթադրական լինել: Իմ կարծիքն այն է, որ եթե Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը միմյանց հասցեին հնչեցված այդքան մեղադրանքներից հետո կարող են դաշինք կազմել, դա պատիվ չի բերի ոչ մեկին, ոչ էլ մյուսին:

Սակայն ուզում եմ ուշադրություն դարձնել Մայքլի սյունակի այլ շեշտադրումների վրա: Նա նշում է, որ ԲՀԿ ղեկավարը նախագահել է մի կոնֆերանսում, որը նվիրված է եղել Պուտինի` Եվրասիական Միության գաղափարի տեսլականի քննարկմանը: Հեղինակը նշում է, որ դրանով ԲՀԿ ղեկավարը փաստորեն ընդդիմացել է Եվրամիության հետ Ազատ առեւտրի գոտու մասին բանակցություններին, որոնք վարում է ՀՀ կառավարությունը:

Հիշեցնեմ Մայքլին, որ երեկ ՀՀԿ ցուցակով Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը ս.թ. փետրվարի 29-ին ներկայացրեց իր նոր` «Եվրասիական միությունը մեր ապագան է» վերնագիրը կրող գիրքը: Գրքի շնորհանդեսին ներկա էր ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն որեւէ մեկի մտքով չէր անցել այդ փաստը ներկայացնել իբրեւ Եվրամիության հետ վարվող բանակցություններին ընդդիմանալու փորձ:

Մայքլը նաեւ գրում է, որ «մինչեւ վերջերս, բոլոր հիմնական կուսակցությունները Հայաստանում ռուսամետ էին, սակայն խամաճիկ չէին»:

Լիովին համամիտ եմ նրա հետ ու կարծում եմ, որ որեւէ մեկը չի էլ պատրաստվում խամաճիկ դառնալ: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք դրվեցին հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հիմքերը, մասնավորապես, ստորագրվեց, քաղաքական Մեծ պայմանագիրը: Ռոբերտ Քոչարյանի օրոք զարգացավ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը: Սերժ Սարգսյանի օրոք հայ-ռուսական ռազմավարական կապերն ամրապնդվեցին, մասնավորապես, ընդլայնվեց ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի պատասխանատվության գոտին: Սրանք փաստեր են, որոնք հասու են բոլորին ու կարծում եմ, որ խամաճիկության մասին խոսելն առհասարակ տեղին չէ:

Նույնը կարելի է ասել նաեւ եվրոպական ինտեգրման մասին: Ըստ էության, որքան էլ տարաձայնություններ ունենան Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը, նրանք բոլորն են ասել են, որ եվրոպական ուղղությունը մնում է մեր երկրի արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը:

Կարծում եմ, Մայքլը շատ ճիշտ է, երբ քննադատում է «Մենք կամ նրանք» մոտեցումը: Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանում այսօր չկա որեւէ ազդեցիկ քաղաքական ուժ, որն ունի այդ մոտեցումը արտաքին քաղաքականության հարցում: Բոլորն էլ հասկանում եմ, որ Հայաստանը, ուզի թե չուզի, պետք է լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Իրանի եւ մնացյալ խոշոր դերակատարների հետ:

Հավատում եմ, որ Մայքլը իրոք մեր եվրոպացի բարեկամն է ու ձգտում է օգտակար լինել մեր երկրին ու ժողովրդին: Կարծում եմ, որ դա անելու լավագույն միջոցներից մեկն է չփորձել արհեստական ջրբաժաններ ստեղծել ներկա ու նախկին նախագահների միջեւ` արտաքին կողմնորոշման հարցերում: Այսօր Հայաստանի քաղաքական էլիտայի շրջանակում չկա երկընտրանք Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ: Երեւի չարժե փորձել այն արհեստական կերպով ստեղծել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին