ՀՀ ԱԳ նախարար. Մերժել ինքնորոշման իրավունքը նույնն է, թե հակադրվել էվոլյուցիային - Mediamax.am

3117 դիտում

ՀՀ ԱԳ նախարար. Մերժել ինքնորոշման իրավունքը նույնն է, թե հակադրվել էվոլյուցիային


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PACE/Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման մերժումը կամ դրան խոչընդոտելը կարող է պարարտ հող ստեղծել նոր հակամարտությունների համար:

«Հայաստանը մշտապես ասել եւ ասում է, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը պատճառ չէ նոր հակամարտությունների ստեղծման համար: Այլ ընդհակառակը՝ այդ իրավունքի իրագործումը կարող է կանխարգելել նոր հակամարտությունները եւ նպաստել տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության հաստատմանը, պահպանմանը եւ ամրապնդմանը»,- այսօր Երեւանում Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ կայացած համատեղ ասուլիսում ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանում ներկայացված՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ անկախ փորձագիտական զեկույցը:

 

Նախարարի խոսքերով, Հայաստանը մշտապես հանդես է եկել այն մոտեցմամբ, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է նպաստել ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը:

 

«Այսօր միջազգային հարաբերությունների համակարգը, ՄԱԿ-ի անդամ 193 պետություններով հանդերձ, հենց ինքնորոշման իրավունքի իրագործման արդյունք է: ՄԱԿ-ի հիմնադրման ժամանակ եղել է 51 երկիր: Այժմ ՄԱԿ-ի անդամ երկրների թիվը համարյա թե քառապատկվել է: Դեմ դուրս գալ կամ անտեսել ինքնորոշման իրավունքը նույնն է, ինչ հակադրվել էվոլյուցիային: Կարելի է միանշանակ ասել, որ այդ կարեւոր զեկույցը եւս մեկ անգամ փաստում է Հայաստանի եւ բազմաթիվ երկրների մոտեցումները ազգերի ինքնորոշման հարցում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նախարարի համոզմամբ, երկիրը, որտեղ պաշտպանվում են մարդու իրավունքները, չի կարող դեմ դուրս գալ ինքնորոշման իրավունքին: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է վերջերս Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին