Ռուսաստանը կարող է Հայաստանի ռազմաբազան օգտագործել ԻՊ-ի դեմ - Mediamax.am

11382 դիտում

Ռուսաստանը կարող է Հայաստանի ռազմաբազան օգտագործել ԻՊ-ի դեմ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը կարող է օգտագործվել «Իսլամական պետության» (ISIS) դեմ պայքարում։

«Ցավոք, ISIS-ը հարմարվել է Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսում եւ դեռ չի ուզում հանձնվել, բայց մենք նրանց անպայման կջախջախենք։ Սակայն եւ այս փուլում նրանք ակտիվություն  են դրսեւորում Աֆղանստանում եւ հատկապես դրա հյուսիսային հատվածներում, որոնք անմիջապես հարում են մեր հարեւանների ու դաշնակիցների սահմաններին։ Արագ արձագանքման ստորաբաժանումները, որոնք հատկացրել են ՀԱՊԿ երկրները, միշտ պատրաստ են գործի անցնել, ինչպես նաեւ պատրաստ են ՌԴ բազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղըզստանում եւ Հայաստանում։ Քանի դեռ այդ վարակը վերացված չէ, այս առաջնայնությունները պահպանվելու են», - ասել է Լավրովը Միր-24 հեռուսատաալիքին տված հարցազրույցում։

 

Հետաքրքրական է, որ Արեւմուտքում երբեմն կարծիքներ են հնչում, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը սպառնալիք է Թուրքիայի համար, որը մտնում է ISIS-ի դեմ ստեղծված արեւմտյան կոալիցիայի մեջ։

 

Այսպես, ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակի նախկին տեղակալ Ադամ Էրելին այս տարվա սկզբին գրել է, որ «Սուրբ Ծննդից երկու օր առաջ, երբ ամերիկյան քաղաքական գործիչները տրամադրվում էին տոներին, Ռուսաստանը առանց ավելորդ աղմուկի Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրեց՝ հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին, այդպիսով ամրապնդելով ռուսական զորքերի խմբավորումը տարածաշրջանում»։

 

«Ռուսական ուժերի եւ միջոցների նման տեղակայումը ցանկացած այլ ՆԱՏՕ-ի անդամ պետության սահմանի մոտ զայրալից բողոքներ կառաջացներ: Իսկ ինչու՞ ենք մենք լռում Թուրքիայի դեմ նման անթաքույց ագրեսիայի դեպքում: Եվ ինչու՞ մենք չենք դատապարտում Հայաստանին՝ ռուսական հարվածային ստորաբաժանումներին նման պատվավոր ընդունելություն ապահովելու համար: Թուրքիան շատ կարեւոր գործընկեր է ISIS-ի դեմ գլոբալ պայքարում եւ պատկանում է այն փոքրաթիվ պետությունների խմբին, որոնք մտնում են ԱՄՆ-ի կողմից ղեկավարած կոալիցիան եւ ունեն ռազմակայաններ «Իսլամական պետության» կարեւոր հենակետերի մոտ», - նշել էր Ադամ Էրելին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին