«Երկրորդ շանսի» եւ «հայկական երազանքի» մասին - Mediamax.am

exclusive
6292 դիտում

«Երկրորդ շանսի» եւ «հայկական երազանքի» մասին


Արամ Մեհրաբյանը
Արամ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Առաջինը
Արամ Առաջինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիք Չալաբյանը
Ավետիք Չալաբյանը

Լուսանկարը` Ա. Չալաբյանի անձնական արխիվից

Ռոնալդ Սյունին
Ռոնալդ Սյունին

Լուսանկարը` Ռ. Սյունիի անձնական արխիվից

Ժիրայր Լիպարիտյանը
Ժիրայր Լիպարիտյանը

Լուսանկարը` Ժ.Լիպարիտյանի արխիվից

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` 100LIVES

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մ. Գրիգորյանի արխիվից

Ռալֆ Յիրիկյանը
Ռալֆ Յիրիկյանը

Լուսանկարը` ՎիվաՍել-ՄՏՍ

Ռազմիկ Փանոսյանը
Ռազմիկ Փանոսյանը

Լուսանկարը` Ռ. Փանոսյանի արխիվից

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` PanPhoto for IDeA

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը
Վիգեն Չիթերյանը
Վիգեն Չիթերյանը

Լուսանկարը` Վ. Չիթերյանի անձնական արխիվից


2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիոթվ, Մեդիամաքսը հարցազրույցների շարք արեց Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մտավորականների հետ՝ փորձելով հասկանալ. կարո՞ղ է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը «նոր սկիզբ» դառնալ եւ նպաստել նոր «հայկական երազանքի» ձեւավորմանը:

 

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցներից:

 

Ժիրայր Լիպարիտյան. «Նոր շանսը պետք է ինչ-որ նպատակի ծառայի»

 

Վիրավորական եմ համարում, որ մենք պետք է ջարդի, Ցեղասպանության ենթարկվենք ու հետո մուրացկանի նման գնանք ճանաչում ուզենք:

 

Օտարների ճանաչմանը ենթակա լինելը նշանակում է ուրիշների ասածին կամ չասածին պատանդ լինել եւ մեր ապագան, հոգեբանական եւ մտավոր անկախությունը կապել ուրիշի հետ:

 

Մինչդեռ մեր գիտության առողջ եւ հաստատուն լինելու դեպքում միջազգային ճանաչման հարցը կհեշտանա: Դա եղավ նախորդ սերնդի հետ, երբ Ցեղասպանության խնդիրը սիրողական մակարդակից փոխանցվեց պրոֆեսիոնալ պատմաբաններին եւ գիտնականներին: Դա առաջին սերունդն էր, եւ հիմա պետք է երկրորդ, երրորդ սերունդներ պատրաստենք, սակայն չեմ տեսնում, որ դա արվում է:

Ժիրայր Լիպարիտյանը Ժիրայր Լիպարիտյանը

Լուսանկարը` Ժ.Լիպարիտյանի արխիվից

Մեզ պետք է նաեւ միջազգային մակարդակի զուտ գիտական հաստատություն, որը միայն այդ հարցերով կզբաղվի: Ցավոք, նման կառույց չունենք:

 

Ի՞նչ ենք ուզում մեր ապագայի համար՝ դա է պետք որոշել:

 

Ինքնության հարցը մշտապես փոփոխվող է: Նոր սերունդը միշտ նոր ձեւեր է գտնում այն արտահայտելու համար:

 

Դա նշանակում է որոշ արժեքների համադրում. եթե դու որպես Սփյուռք զարգանաս, Հայաստանն էլ կզարգանա: Եթե Հայաստանը չունենանք որպես հիմք, Սփյուռքը շատ բան կկորցնի:

 

Հայաստանը կարող է արժեքներ եւ ինստիտուտներ ստեղծել, ուր իսկապես այդ համագործակցությունը տեղի կունենա:

 

Երաշխիքը պետք է լինի օրենքը, ինստիտուտները….Պետք է ինստիտուտներ ստեղծվեն, որոնք նախագահից կախված չեն:

 

Ռազմիկ Փանոսյան. Դասական սփյուռքի արմատները Արեւմտյան Հայաստանում են

 

Կարծում եմ, որ մեկ միասնական տեսլականի որոնումը ճիշտ չէ: Մենք որպես ժողովուրդ կարող ենք մի քանիսը ունենալ. բազմակողմանի ժողովուրդ ենք: Բայց իսկապես պետք է հեռուն տեսնենք, ապագայի մասին մտածենք: Մեր նախաձեռնության փափագը հենց դա է, որ կարողանանք օգնական լինել այդ տեսլականները պատրաստելու գործում:

 

Սփյուռքը հաճախ դիտարկվում է որպես Հայաստանի շարունակություն, որը պետք է հսկվի կամ կառավարվի: Դա սփյուռքի մեջ ընդվզում է առաջացրել:

Ռազմիկ Փանոսյանը Ռազմիկ Փանոսյանը

Լուսանկարը` Ռ. Փանոսյանի արխիվից

Մյուս կետն էլ այն է, որ մեր ազգային ինքնությունը միշտ ունեցել է երկու կարեւորագույն կենտրոն, որոնք խիստ կախված են եղել արեւելահայերենից եւ արեւմտահայերենից եւ, համապատասխանաբար, երկու մշակութային ոլորտներից, աշխարհայացքներից:

 

Ցեղասպանությունը արեւմտյան կենտրոնը գրեթե քանդեց: Բայց չենք կարող ասել, որ այլեւս պետք է միայն մեկ կենտրոն ունենանք: Շատ կարեւոր է սա հասկանալ: Երկուսն էլ պետք է պահենք, պահպանենք , ամրապնդենք ու առաջխաղացնենք: Երկուսն էլ պետք է երկխոսություն մեջ լինեն ՝առանց մեկը մյուսին պարտադրելու:

 

Ռուբեն Վարդանյան. «Պետք է զարմացնենք եւ կարծրատիպեր կոտրենք»

 

Մենք հաղթել ենք՝ չնայած 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության ողջ ծանրությանը:

 

Մենք հաղթել ենք, քանի որ կարողացել ենք պահպանվել՝ չնայած բոլոր դժվարություններին եւ մեծ հաջողությունների ենք հասել տարբեր ոլորտներում եւ աշխարհի տարբեր երկրներում: Այո, մենք պետք է հիշենք եւ հարգենք զոհերի հիշատակը, մեզ համար կարեւոր է, որպեսզի այլ երկրներ եւ հատկապես Թուրքիան ճանաչեն Ցեղասպանությունը, սակայն մեր հիմնական ուղերձն աշխարհին այն է, որ մենք կանք եւ ուժեղ ենք:

 

Այս խնդիրների լույսի ներքո լուրջ հարց է առաջանում. ի՞նչն է մեզ միավորում: Առաջին հայացքից պատասխանը պարզ է՝ անկախ հայկական պետությունը: Մենք հարյուրավոր տարիներ երազել էինք անկախության մասին, եւ ստանալով այն, անհավանական ոգեւորություն ապրեցինք, բայց նաեւ անհանգստություն՝ հետագայում պետության պահպանման համար: Հասկանալի է, որ ցանկացած պետության ստեղծումը ժամանակ եւ ուժ է պահանջում: Աշխարհի ցանկացած կետում մարդիկ ավելի հեշտ են համախմբվում ողբերգական իրադարձությունների ֆոնին կամ երբ իրենց երկիրը ուժեղ առաջնորդի ու հաջողության օրինակ է դառնում:

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` PanPhoto for IDeA

Այժմ սփյուռքում Հայաստանի հանդեպ հիասթափության զգացում չկա, դա ավելի շատ կարելի է անվանել անտարբերություն, ինչը, իմ կարծիքով, ավելի վտանգավոր է, քան բացասական վերաբերմունքը, քանի որ որեւէ զգացմունք չի պարունակում:

 

Այս բոլոր խնդիրների առկայությունը խորանում է այն երազանքի բացակայությամբ, որը կհամախմբեր մարդկանց՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ծնվել եւ ինչ լեզվով են խոսում: Այսպիսով՝ մենք պետք է հսկայական աշխատանք տանենք, եթե ցանկանում ենք լիարժեք օգտագործել հայկական աշխարհի ներուժն ու ռեսուրսները:

 

Ոչ մեկը չպետք է գերիշխի, ոչ Հայաստանը, ոչ էլ սփյուռքը: Հնարավորինս միահամուռ պետք է լինենք եւ աջակցենք միմյանց: Այլ հարց է, թե ինչի շուրջ պետք է միավորվենք: Անհրաժեշտ է ընդհանուր երազանք: 

 

Տեղեկատվական հասարակությունում գիտելիքները դառնում են հիմնական միջոցը մրցունակ արտադրանք ստեղծելու համար: Հայերը միշտ առաջամարտիկների ազգ են եղել՝ չնայած իրենց փոքրաթիվ լինելուն: Մենք միշտ մեզ եւ ուրիշների համար բարձր նշաձող ենք սահմանել եւ չպետք է հրաժարվենք դրանից:

 

Մենք չենք կարող թույլ տալ մեզ միջակ լինել եւ պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի լավագույնը դառնանք այն ամենում, ինչ անում ենք:

 

Ես համոզված եմ, որ մենք կարող ենք ամեն ինչ փոխել: Հայ ժողովուրդը բազում դժվարություններ է տարել իր պատմության ընթացքում, այդ թվում նաեւ ХХ դարի սարսափելի ողբերգությունը, բայց չի ոչնչացել եւ չի պարտվել: Մենք հերթական անգամ վերածնված ազգ ենք, եւ այդ պատճառով ես շարունակում եմ լավատես մնալ:

 

Ավետիք Չալաբյան. «Կարեւորը ազգային ուղին վերաիմաստավորելն է»

 

Պետք է ձեւակերպենք մեր ապագայի կենտրոնական խնդիրը: Այն ոչ թե պարզապես պահանջատիրությունն է կամ էլ թե թուրքերի հետ հաշտվելը, այլ մեր ազգային զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Մենք ապագային պետք է նայենք այն տեսանկյունից, թե ինչ պետք է անենք, որպեսզի ինքնաբավ ազգ դառնանք: Սա էլ, իր հերթին, կախված է նրանից, թե աշխարհի զարգացման որ մոդելին ենք հավատում:

Ավետիք Չալաբյանը Ավետիք Չալաբյանը

Լուսանկարը` Ա. Չալաբյանի անձնական արխիվից

Մեր էլիտայի որակը կարեւորագույն հարցն է՝ ըստ իս, հարցերի հարցը: 100-ամյակին հենց այս ոսպնյակով է պետք նայել: Կարո՞ղ ենք արդյոք մենք ձեւավորել իրական ազգային էլիտա: Ազգային կյանքը, զարգացումը, վերընթաց ուղին ենթադրում են, որ կա ազգային էլիտայի մի կորիզ, որը կարող է որոշակի օրակարգ առաջադրել եւ գործողություններ իրականացնել, եւ դրա համար այն ներքին սուվերենության էական պաշար պետք է ունենա: Մեր այսօրվա էլիտայի սուվերենության աստիճանը շատ ցածր է: Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ էլիտայի գերակշիռ մասը նախկին խորհրդային համակարգի կրողներն ու ժառանգներն են: Նրանք կարող են խոսել Նժդեհից, բայց, ըստ էության, շարունակում են մնալ հին համակարգի մասը:

 

Ռալֆ Յիրիկյան. «Պետք է խիզախ որոշումներ կայացնենք»

 

Մենք չպետք է չափից շատ դրամատիզմ հաղորդենք Ցեղասպանության 100-ամյակին: Ընդհակառակը, այս հանգրվանը մեր ժողովրդին պետք է հիշեցնի, որ մենք հաղթող ենք դուրս եկել, ցեղասպանության գլխավոր նպատակը՝ հայերի բնաջնջումը, տապալվել է, եւ 100 տարի անց մենք կենդանի ենք եւ անկախ պետություն ունենք:

 

Ապագայի տեսլական պետք է ունենանք, որի շուրջ կհավաքվեն աշխարհի բոլոր հայերը:

 

Պետք է հրաժարվենք «ես ամեն բան գիտեմ» մտածելակերպից եւ երկխոսության գնալ, կիսվել փորձով եւ փորձել միմյանց վստահություն ներշնչել: Իրականում դա մեծ ճիգեր չի պահանջում:

Ռալֆ Յիրիկյանը Ռալֆ Յիրիկյանը

Լուսանկարը` ՎիվաՍել-ՄՏՍ

Եթե ինչ-ինչ պատճառներով սփյուռքը պետությանը չի վստահում, պետությունը կարող է ձեւավորել մտավորականների (intellectuals) խումբ, դրա կազմում ընդգրկել Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում հարգված մարդկանց, ովքեր պարբերաբար կհանդիպեն եւ մոտեցումներ կմշակեն:

 

Կարող ենք տարբեր հանձնաժողովներ ունենալ, դրանք տարբեր ոլորտներին վերաբերող քննարկումներ կանցկացնեն, որոնք եւս կնպաստեն ապագայի տեսլականի ձեւավորմանը: Մենք պետք է հստակ պատկերացնենք, թե ո՞ւր ենք գնում:

 

Ավագ սերնդի ներկայացուցիչների խորհուրդները շատ կարեւոր են, նրանց կյանքի դառը փորձը չափազանց արժեքավոր է, բայց, կարծում եմ` եկել է ժամանակը, որ իրենք երիտասարդներին նույնպես թույլ տան օգտակար լինել ազգին: Երիտասարդ ասելով՝ նկատի ունեմ այսօրվա 30-40 տարեկաններին:

 

Եթե ուզում ենք ինչ-որ տեղ հասնել, պետք է խիզախ որոշումներ կայացնենք: Ցավոտ կլինի, բայց դա էլ է պետք:

 

Մեծ խնդիր է նաեւ լավատեսության պակասը: Այսօր, երբ որեւէ միջոցառման եմ գնում, որտեղ, ասենք, հարյուր հայի եմ հանդիպում, նրանցից միայն մեկի կամ երկուսի դեմքին ժպիտ կա… Այդպես չենք կարող շարունակել: Չպետք է կոտրվել.  անհրաժեշտ է ապագային լավատեսությամբ նայել:

 

Մարկ Գրիգորյան. «Պատրաստ չենք ճանաչմանը Թուրքիայի կողմից»

 

Կուզեի, որ փոփոխության համար սկիզբ դառնար 100ամյակը եւ հասարակության մեջ՝ Սփյուռքում եւ Հայաստանում, քննարկեինք եւ փորձեինք հասկանալ՝ որտեղ ենք հիմա եւ դեպի ուր պետք է շարժվենք: Թող տարբեր սցենարներ քննարկվեն, միայն թե իրականությունից ետ չմնանք:

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մ. Գրիգորյանի արխիվից

Պետք է նաեւ հասկանանք տարբերությունը ցեղասպանության քաղաքական եւ իրավական ճանաչման միջեւ: Երբ բոլորս ուրախանում ենք, որ եւս մի երկիր ճանաչեց Ցեղասպանությունը, երբեմն չենք տեսնում, որ հաճախ դա օգտագործվում է որպես զենք՝ Թուրքիայի վրա ազդելու համար: Այդ զենքը մենք ենք տվել նրանց ձեռքը: Դա քաղաքական զենք է: Իրավական, բարոյական, պատմական այլ զենքեր էլ կան, որոնցից պետք է օգտվենք:

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյան. «Պետք է ներկան ուժեղացնել»

 

Ցեղասպանությունը խզում է մեր բնական կապը մեր հնության հետ, չափազանց դժվարացնում է սեփական պատմության հետ հաղորդակցությունը:

 

Այս առումով մենք նաեւ նոր ժողովուրդ ենք եւ մեր ներկան որոշակիորեն Ցեղասպանությամբ է պայմանավորված: Այս ողբերգությունը ճեղքել է մեր ինքնությունը, եւ դժվար է հասկանալ՝ ինչպե՞ս վերաբերվել դրան:

 

100-ամյակը մեզ համար պետք է նոր մտածողության, նոր սկզբի առիթ լինի: Կարող ենք հաղթահարել ցեղասպանության հետեւանքները՝ ներքին բարդույթները, զոհի բարդույթը:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Տեր Մեսրոպ քահանա Արամյանը

 

Երբ հասկանում ենք, թե ուր ենք միասին գնում, եւ այդ ճանապարհը ներշնչող է, կարող ենք մոռանալ առկա հակասությունները, որովհետեւ նպատակը վեհ է եւ ոգեւորող:

 

Շատ քիչ ներդրում է կատարվում մարդկային ռեսուրսների նախագծման, համապատասխան որակների ստեղծման մեջ: Դա ակնհայտորեն երեւում է կրթության ոլորտում: Պետք է մտածենք, թե կրթությամբ ի՞նչ մարդ ենք պատրաստում, որպեսզի այդ ծրագիրը իրագործեն:

 

Իսկապես, հզոր ինտելեկտուալ հեղինակությունների պակաս կա: Բայց դարաշրջանն էլ է փոխվել: Այսօր այլ, տեխնոկրատ մտածելակերպի դարաշրջան է:

 

Այո, այսօրվա իրականության մեջ Աճառյաններ եւ Կոմիտասներ չունենք: Բայց դա չի նշանակում, որ չենք կարող ունենալ: Կոմիտասներն ու Աճառյանները հասարակական բաղձանքների արդյունք եւ ծնունդ պետք է լինեն: Երբ ապրում ես որոշակի իդեալներով՝ այդ իդեալներին համապատասխան մարդիկ են ի հայտ գալիս:

 

Դրա համար երազ եւ տեսլական պետք է ունենանք, ոչ թե երազկոտություն եւ չհիմնավորված ծրագրեր: Իրագործելի երազանքը ծնվում է հավատքից եւ ծառայություն է բոլորիս համար: Մենք ունենք բոլոր նախադրյալները մեծ թռիչքի, ունենք բարձունքներ հաղթահարելու հզոր մարդկային ներուժ: Այս ամեննը հնարավոր է: Կարեւորը հավատքն է, որին հաջորդում է գործն ու արարումը:

 

Ռոնալդ Սյունի. «Սփյուռքը նախկինում Հայաստանը լավ չգիտեր»

Ռոնալդ Սյունին Ռոնալդ Սյունին

Լուսանկարը` Ռ. Սյունիի անձնական արխիվից

Սփյուռքը երբեմն չի կարող հասկանալ մեր հայրենիքի առանձնահատկությունները, հայկական մշակույթը, քաղաքականությունը եւ դրա պահանջները: Սակայն Սփյուռքը մտահոգված է, հետաքրքրված է Հայաստանով եւ շատ բան կարող է տալ Հայաստանին՝ ե՛ւ նյութական, ե՛ւ մտավոր, ե՛ւ մշակույթի առումով: Իմ կարծիքով՝ այս նպատակին հասնելու լավագույն ճանապարհը մշտական երկխոսությունն է, քան թե «մենք բոլորս նույնն ենք» գաղափարը: Սա ընդհանուր բնույթի հայտարարություն է: Մենք պետք է շարունակենք երկխոսությունը, որը միայն ու միայն կհզորացնի թե՛ Սփյուռքը, թե՛ հայրենիքը:  

 

Արամ Մեհրաբյան. Հայրենիքը պետք է «գրավել» եւ կենտրոն դարձնել

 

Ապագան վերացական չէ, եթե խարսխվում է հավատի վրա: Ապագան ստեղծագործվելու կարիք ունի, այն չի տրվում, այլ արարվում է: Անհատական պատկերացումներն ու գաղափարները պիտի վերածենք հավաքական պատկերացումների եւ գաղափարների:  Մենք պիտի ստեղծագործենք մեր ապագան:

 

Անհրաժեշտ է նաեւ, որ մենք խոսենք եւ երկխոսենք մեր պատկերացումների, երազանքների, ծրագրերի մասին: Մտահոգիչ է երկխոսելու ցանկության բացակայությունը:

Արամ Մեհրաբյանը Արամ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետության ստեղծման «Ռուբիկոնը անցնելու» մեր ամբողջ գաղափարը հենց գիտակցության փոխակերպումն էր՝ լուսանցքայինից կենտրոնայինի: Հայ Մարդը ձգտում է դեպի կենտրոն, դրա վկայությունը մեր պատմությունն է, հատկապես մշակույթի պատմությունը:

 

Երկխոսության որոշակի դրսեւորում նկատվում է Հայաստանը կենտրոն համարողների միջեւ, եւ դրա արդյունքում ծնվում են փոքրիկ օազիսային կենտրոններ:

 

Միայն տնտեսության կամ կրթության զարգացմամբ հնարավոր չէ բան փոխել: Բոլոր խնդիրները փոխկապակցված են, եւ դրանք պետք է դիտարկվեն ամբողջական օրգանիզմի համատեքստում:

 

Նախ անհրաժեշտ է, որ «Սփյուռքը» որպես կաղապարված հասկացություն հաղթհարվի, նորովի վերսահմանվի, միգուցե ընդհանրապես դուրս մղվի մեր բառապաշարից:  Հայեր, որոնք իրենց անհանգստություններով, միջոցներով, երազանքներով անքակտելիորեն կապված են հայրենիքի հետ, ամենօրյա մասնակցություն ունեն մեր կրթական, գիտական կամ մշակութային ոլորտներին, պիտի կոչվեն սփյուռքահայե՞ր:

 

Վիգեն Չիթերյան. Ապագան չի կարող ձեւակերպվել մի քանի հոգու կողմից

 

Պայքարը արդյունավետ շարունակելու համար դրան պետք է նոր իմաստ հաղորդենք,այլեւս չենք կարող հին գաղափարներով շարունակել: Պետք է մեր պայքարը կապենք այսօրվա միջազգային իրողության եւ արժեքների հետ:

 

Մենք այն ժողովուրդն ենք, որը պետք է աշխարհին հասցնի այն գաղափարը, որ եթե 100 տարի առաջ մեզ հետ կատարվածը համապատասխան գնահատական ստանար, XX եւ XXI դարերում մենք անհամեմատ ավելի քիչ վայրագություններ եւ զանգվածային սպանություններ կտեսնեինք:

Վիգեն Չիթերյանը Վիգեն Չիթերյանը

Լուսանկարը` Վ. Չիթերյանի անձնական արխիվից

Սփյուռքը իր բազմազանությամբ շատ հարուստ երեւույթ է, բայց որպեսզի Հայաստանը կարողանա այդ հարստությունը իմաստավորել եւ օգտագործել, պետք է կարողանա լսել եւ ըմբռնել:

 

Հայաստանը պետք է քաղաքական մշակույթ զարգացնի, որպեսզի այդ երկխոսությունը հնարավոր կդարձնի: Այսօրվա կենտրոնացված եւ օլիգարխիկ համակարգը Հայաստանի եւ Սփյուռքի ներուժի մեծ մասը չի կարող ներգրավվել:

 

Վերջին 20-30 տարիների ընթացքում մենք Սփյուռքի պահպանմանը պատշաճ ուշադրություն չենք դարձրել: Սփյուռքը կարող է կորել, եթե մենք չպահպանենք:

 

Պահպանման միջոց է նոր կառույցների ստեղծումը, որոնք թույլ կտան հայկական ինքնությունը կապել արդի հարցերի հետ:

 

Մենք իսկապես հարուստ մշակույթ ունենք, որից պետք է պատմական դասեր քաղենք եւ ներշնչանք ստանանք: Կարեւոր է վերակապվել մեր անցյալի հետ:

 

Նուբար Աֆեյան. Ինքնության հարցը պետք է նորովի դիտարկենք

 

Ռուբեն Վարդանյանն ու ես միշտ մտածել ենք, որ պետք է անել ավելին, քան պարզապես փրկվելն է: Մենք շարունակ բախվում ենք նորանոր մարտահրավերների եւ ողջ մնալու համար մեզ ուժ եւ ոգի է պետք: Մենք եկանք այն եզրակացության, որ փրկվել նշանակում է ստանալ երկրորդ հնարավորություն:

 

Մենք որդեգրել ենք ոտքի կանգնելու ճանապարհը, որպեսզի անենք այն, ինչ ուզում ենք եւ օգուտ քաղենք դրանից՝ ոգեկոչելով նոր դարաշրջանը, եւ ոչ թե Ցեղասպանության 101-րդ տարելիցը: Մենք՝ հայերս, երկխոսություն պետք է կառուցենք այս հարցի շուրջ:

 

Մենք անցնելու ենք Սփյուռքի հաստատությունների վերահիմնադրման երկարատեւ եւ ցավալի գործընթացով:

Նուբար Աֆեյանը Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` 100LIVES

Միգուցե հնարավոր է նրանց միավորել բարեգործության կամ Հայաստանի սոցիալական, տնտեսական կամ մասնագիտական զարգացումների շուրջ: Դա այն ճանապարհն է, որի ուղղությամբ ես, Ռուբեն Վարդանյանը եւ այլոք ներդրել ենք մեծ ջանքեր եւ ինչին մենք իրապես հավատում ենք: Մենք պետք է սկզբունքորեն մտածենք այն մասին, թե ո՞ր մոդելը կաշխատի հայ ժողովրդի նոր իրականության մեջ:

 

Պետք է հասկանանք, թե որտեղից ենք ոգեշնչում գտնելու մեր նորացված ինքնության համար, որը կկարողանա գոյություն ունենալ ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ թե Հայաստանում: Սա հետաքրքիր մարտահրավեր է: Գիտնականները, փիլիսոփաները, գրողները եւ շատ այլ մարդիկ պետք է արտահայտվեն այս հարցի շուրջ եւ իրենց գաղափարները հանձնեն հանրությանը, որպեսզի վերջիններս յուրացնեն, ընդունեն եւ սկսեն կրկնել, որպեսզի այդ ինքնությունն իսկապես ի հայտ գա: Այդ ինքնությունը կամ նորացված ինքնությունը, որ դեռ պետք է հայտնվի, չի կարող լինել ինչ-որ մեկի սեփականությունը: Առաջիկա 5, 10, 15, 20 տարիների ընթացքում մենք պետք է նորովի դիտարկենք ինքնության հարցը՝ ինքնություն, որը, մի կողմից, համահունչ է մեր պատմության հետ, եւ մյուս կողմից, մեզ տալիս է ինքնակազմակերպման հնարավորություն, որն ուղղված է որոշակի նպատակների:

 

Մենք պետք է լուծենք մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ, որո՞նք են մեր զարգացման ողջամիտ եւ իրագործելի նպատակներն ու հեռանկարները: Եվ ո՞րն է հայ լինելու այն սահմանումը, որը բավարարում է մեզ: Մեզ հարկավոր է ունենալ նաեւ մի բարեբեր երկխոսություն, թե ի՞նչ է նշանակում լինել հայ եւ այդ ի՞նչն է, որ փորձում ենք պահպանել:

 

Արամ Առաջին. «Վայ այն ազգին, որ երազ չունի»

 

Պետք է ճշտենք մեր ժողովրդի, ազգի առաջնահերթությունները, եւ բոլորս միասնաբար, պահելով ու հարգելով մեր առանձնահատկությունները, մեր ունեցած տարբեր հայեցակետերը, մոտեցումները, սակայն միշտ ելնելով մեր ազգի եւ հայրենիքի ընդհանրական շահերից, ոչ անձնակենտրոն, զգացական, միակողմանի մոտեցումներից, այլ իրապաշտ ոգով, միասնաբար ճշտենք մեր անելիքները: Միշտ նպատակասլաց եւ հանձնառու պիտի լինենք:

 

Ահավասիկ, հարյուրամյակը, իմ ընկալմամբ, մեզ համար մարտահրավեր էր: Այն միայն հիշելու եւ հիշատակելու առիթ չէր, այլեւ մարտահրավեր: Այն արթնության կոչ էր, մեր ժողովրդի Անլռելի Զանգակատունն էր, որ մենք որպես ազգ մեր հայրենիքով եւ Սփյուռքով պետք է շարունակենք մեր պահանջատիրական պայքարը

Արամ Առաջինը Արամ Առաջինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ժողովուրդ ենք: Այս բառը ցանկանում ենք գլխագիր ձեւով գրել: Մեր հսկայական, վիթխարի կորուստների դիմաց մենք այսպիսի գաղջ մոտեցում չպետք է ունենանք: Մենք անցյալին պետք է նայենք եւ այն գնահատենք ինքնաքննական մոտեցմամբ, որպեսզի հասկանանք, թե որտեղ ենք թերացել, որտեղ հաջողել եւ ինչպես պետք է ծրագրենք մեր անելիքները:

 

Հայաստան-Սփյուռք միասնականությունը մեր ժողովրդի հզորացման անսպառ աղբյուրն է: Միասնականություն ասելով՝ ես չեմ հասկանում միաձեւություն: Դա վնասակար է: Համագործակցություն՝ նշանակում է պահել եւ հարգել միմյանց տարբերությունները: Դրանք չպետք է մեզ հեռացնեն միմյանցից, տանեն դեպի առճակատում կամ ներքին լարվածություն: Դա կարող է կործանարար լինել: Տարբերությունները պետք է ներդաշնակվեն:

 

Ազգերն երազներով են ապրում: Վայ այն ազգին, որ երազ չունի: Մենք էլ երազներ ունենք, եւ այդ երազները պետք է կենսագործվեն արժեքներով եւ տագնապներով: Պահանջատեր ենք՝ նշանակում է երազ ունենք: Այսօր մենք ունենք այն պատառ Հայաստանը, որը պետք է հզորացնենք՝ որպես խարիսխ մեր ամբողջական Հայաստանի երազի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին