Հունգարացի լրագրողը վերհիշել է Ռամիլ Սաֆարովի հետ իր զրույցը - Mediamax.am

exclusive
6957 դիտում

Հունգարացի լրագրողը վերհիշել է Ռամիլ Սաֆարովի հետ իր զրույցը


2012թ. Բուդապեշտում կայացած բողոքի ցույցի մասնակիցը
2012թ. Բուդապեշտում կայացած բողոքի ցույցի մասնակիցը

Լուսանկարը` REUTERS

Սաբոլչ Վորոշը
Սաբոլչ Վորոշը

Լուսանկարը` Ս. Վորոշի արխիվից

Սաբոլչ Վորոշը զրուցում է Ռամիլ Սաֆարովի հետ
Սաբոլչ Վորոշը զրուցում է Ռամիլ Սաֆարովի հետ

Լուսանկարը` Սաբոլչ Վորոշի արխիվից


14 տարի առաջ՝ 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որի հետ միասին մասնակցում էր ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերենի դասընթացներին:

 

2018թ. փետրվարին մասնավոր այցով Երեւանում էր հունգարացի լրագրող Սաբոլչ Վորոշը։ 2011թ. նա Բուդապեշտի խիստ վերահսկողության բանտում հարցազրույց էր վարել Ռամիլ Սաֆարովի հետ։ Սաբոլչ Վորոշը Մեդիամաքսին պատմել է, թե ինչպես առաջացավ հարցազրույցի միտքը եւ ինչպիսի տպավորություն թողեց Սաֆարովն իր վրա։

 

2011թ. աշնանը լրագրողական ծրագրի շրջանակում այցելեցի Ադրբեջան, որտեղ հանդիպեցինք Ռամիլ Սաֆարովի հորը։ Այդ ահավոր պատմության մասին շատ մանրամասներ չգիտեի՝ երբ դեպքը պատահել էր, շատ երիտասարդ էի եւ բոլորովին այլ հետաքրքրություններ ունեի։

 

Սաֆարովի հայրը մեզ ներկայացրեց իրավիճակը եւ խնդրեց, որ երբ վերադառնանաք Բուդապեշտ, փորձենք հունգարացի պաշտոնյաններին համոզել, որ իր որդուն արտահանձնեն Ադրբեջանին։ Այդ հանդիպումը ինձ շատ տպավորեց։ Հայրենիք վերադառնալուց հետո որոշեցի, որ պետք է հանդիպեմ Ռամիլ Սաֆարովի հետ։

Սկզբում պաշտոնական ընթացակարգով դիմեցի բանտի ղեկավարությանը։ Վերջիններս հարցրել էին Սաֆարովին՝ կցանկանա՞ լրագրողի հետ հանդիպում ունենալ։ Նա ասել էր, որ չի ուզում հարցազրույց տալ։

 

Մտածեցի, որ Սաֆարովին համոզելու հարցում կարող է օգնել Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատունը։ Եվ, իրոք, դա աշխատեց, եւ նա համաձայնեց հանդիպմանը։

 

2011թ. Բուդապեշտի խիստ վերահսկողության բանտի գրադարանում հարցազրույց անցկացրեցի Ռամիլ Սաֆարովի  հետ։ Նա նստած էր իմ առջեւ՝ առանց ձեռնաշղթաների։ Խելացի մարդու տպավորություն թողեց։ Մի քանի լեզուների էր տիրապետում եւ թարգմանություններ էր անում հունգարերենից ադրբեջաներեն։

Զրուցում էինք անգլերեն։ Այդ ժամանակ նա ադրբեջաներեն մի գիրք էր թարգմանում, որը յուրաքանչյուր հունգարացի երեխա մինչեւ 12 տարեկան դառնալը պետք է կարդա։ Այդ գրքում նկարագրվում է երկու խումբ տղաների դպրոցական կյանքը: Նրանք սկզբում ընկերներ են, հետո աստիճանաբար սկսում են հակամարտել։ Բարի եւ չար առաջնորդների կերպարները շատ վառ է ներկայացված գրքում։ 

Սաբոլչ Վորոշը զրուցում է Ռամիլ Սաֆարովի հետ Սաբոլչ Վորոշը զրուցում է Ռամիլ Սաֆարովի հետ

Լուսանկարը` Սաբոլչ Վորոշի արխիվից

Մեր զրույցը սկսեցի հարցով՝ ո՞վ է իր սիրելի հերոսն այդ գրքում։ Նա նույնիսկ չթողեց ավարտեմ հարցս եւ ընդհատելով ասաց, որ բարի տղաների առաջնորդն է։

 

Հետո խոսեցինք իր կատարած սպանության մասին։ Զրույցի ամբողջ ընթացքից չեմ կարող մեջբերել մի խոսք, որով նա խղճի խայթ կարտահայտեր իր արարքի համար։

 

Տեսնում էի, որ նա պատրաստ էր նորից անել դա։ Նա մտածում էր, որ այդ պահին իր բանտում գտնվելը ճիշտ է եւ պատրաստ է կրել իր պատիժը։ 

 

***

 

2012թ., երբ Հունգարիայի իշխանությունները որոշեցին Ռամիլ Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին, մեր հասարակությունը մեծ շոկ ապրեց։ Կարծում եմ, դեռ պետք է պարզվի, թե ինչպես եւ ինչ հանգամանքներով դա պատահեց եւ ովքեր էին հիմնական դերակատարները։ Մենք ոչ պաշտոնական տարբեր տեղեկություններ ունեինք, բայց չէինք հրապարակում դրանք, քանի որ ապացույցները քիչ էին։

Հատկանշական է, որ հունգարացիների մեծամասնությունը, որոնք չգիտեին հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ինչ-որ եզրակացություններ արեցին այդ պատմությունից։ Մեր հասարակության համար բոլորովին նոր եւ անսպասելի իրավիճակ էր։

Սաբոլչ Վորոշը Սաբոլչ Վորոշը

Լուսանկարը` Ս. Վորոշի արխիվից

Ցավալի է, որ մինչ օրս չենք կարողանում վերականգնել հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները։ Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, որ Հունգարիան, ինչպես ԵՄ անդամ մի շարք երկրներ, զգում է Ադրբեջանի գազի եւ նավթի կարիքը:

 

Կասկածում եմ, որ մեր իշխանություններն այսօր ցանկություն ունեն որեւէ քայլ կատարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Կարծում եմ՝ նույնիսկ ներողություն խնդրելու մասին չեն մտածում։ Միեւնույն ժամանակ, ոչ կառավարական մակարդակով ակտիվ փորձեր են արվում երկու երկրների եւ ժողովուրդների կապերի պահպանման ու զարգացման համար։

 

Գրի առավ Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին