exclusive
6888 դիտում

Բրեդլի Բուզետոն՝ մոգական Նորավանքի և լավատես երիտասարդների մասին


Բրեդլի Բուզետոն
Բրեդլի Բուզետոն

Ամերիկացի Բրեդլի Բուզետոն, որը 2013 թվականի փետրվարից զբաղեցնում էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը, ավարտեց իր առաքելությունը եւ 2018թ. փետրվարի 2-ին մեկնեց Հայաստանից։ Մինչ մեկնելը նա Մեդիամաքսին պատմել է Հայաստանում ապրելու եւ աշխատելու առանձնահատկությունների մասին։

Մինչ Հայաստան տեղափոխվելս, որոշակի պատկերացումներ ունեի հայկական մշակույթի, սովորությունների եւ պատմության մասին։ Գիտեի 1915 թ ցավալի դեպքերի մասին։ Առաջին իսկ վայրկյանից զգացել եմ հայերի ջերմությունն ու անկեղծությունը, իսկ հայերի մեծ հյուրընկալության մասին ավելորդ է խոսել։

Հինգ տարի առաջ ստանձնելով ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը՝ մեծ ցանկություն ունեի հնարավորինս արագացնել Հայաստանի զարգացման ընթացքը։ Այսօր կարող եմ ասել, որ մենք որոշակիորեն կարողացել ենք դա իրականացնել։

Ինձ հեշտ էր աշխատել հայերի հետ։ Դա թերեւս պայմանավորված էր նրանով, որ բոլորս մեկ նպատակ ունենք՝ անել հնարավորը Հայաստանում բարեփոխումների ընթացքը արագացնելու համար։

***

Կյանքն այստեղ բավական դինամիկ եւ բազմազբաղ է։ Երեւանը օրեցօր ավելի գրավիչ եւ աշխույժ է դառնում։ Գյումրին, Գորիսը, որն, ի դեպ, հռչակվել է ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք, եւս զարգանում են։  Իհարկե, մարզերում դեռ շատ անելիքներ կան, քանի որ այնտեղ հնարավորությունները ավելի քիչ են։ Սակայն նկատելի է, որ կառավարությունը փորձում է քայլեր ձեռնարկել, որ որեւէ մեկը անտեսված չլինի։


Հայաստանից իմ սպասելիքները որոշ առումով գերազանցվեցին: Օրինակ, չգիտեի, որ այստեղ հիանալի ջազային երեկոներ են կազմակերպվում: Գինու արտադրության ծավալները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերը շատ տպավորիչ են։

***

Շատ եմ ճանապարհորդել Հայաստանով։  Հայկական հինավուրց եկեղեցիները անասելի գեղեցիկ են։ Կառանձնացնեմ Նորավանքը, որտեղ սիրում էի այցելել արեւածագին, երբ այնտեղ սակավամարդ եւ խաղաղ է։ Մոգական վայր է։ Լոռին եմ շատ հավանել՝ բնությունը ուղղակի հրաշք է։

***

Հայոց լեզուն հետաքրքիր եւ գեղեցիկ է, բայց նաեւ՝ շատ բարդ։

Սկսել էի սովորել, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացա գոնե տարրական մակարդակով տիրապետել լեզվին։

***

Հայաստանում ինտելեկտուալ եւ ստեղծագործ երիտասարդները շատ են եւ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել հաճախ շփվել նրանց հետ։ Լավատես, եռանդուն եւ խանդավառ երիտասարդներն են այս երկրի շարժիչ ուժը։

Նրանք մեծ ցանկություն ունեն երկրում դրական փոփոխություններ իրականացնել։ Կարծում եմ, որ լավ կլիներ, եթե երիտասարդները ավելի շատ ներգրավվեին կառավարության աշխատանքներում։

***

Շատ կկարոտեմ այստեղի մարդկանց, հիանալի մթնոլորտը, ինչպես նաեւ հայկական ուտեստները։  Մի գաղտնիք բացեմ՝ շատ շուտով վերադառնալու եմ, քանի որ ընկերներիս խոստացել եմ անձամբ բացահայտել Հայաստան նրանց համար։

Գրի առավ Թագուհի Հովհաննիսյանը

Կարդացեք նաեւ.

Ուլֆ Հարբորգը՝ Հայաստանի հոգու եւ խելագար վարորդների մասին

Կարել Հոֆստրան՝ Հայաստանի լավ մարդկանց ու վատ ճանապարհների մասին

Դեյվիդ Բիքեթը՝ ընկերասեր Հայաստանի եւ բարձր մաքսատուրքերի մասին

Թիմոթի Սթրայթը՝ նորվեգացիների եւ հայերի երջանկության մասին

Դիրկ Լորենցը` հայերի համառության եւ հստակ «այո»-ի մասին

Անդրեյ Պյատախինը՝ իր մի քիչ հայ լինելու եւ այգիների պակասի մասին

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am