Հայաստանը գերազանց ներկայացավ Մալթայում - Mediamax.am

exclusive
6657 դիտում

Հայաստանը գերազանց ներկայացավ Մալթայում



Ավարտվեց Մալթայի Միջազգային Երաժշտական վեցերորդ փառատոնը, որի շրջանակներում ապրիլի 18-30-ը կայացան Հայաստանի մշակույթի օրերը:  Վառ ու բովանդակալից միջոցառումների ցանկում ընդգրկված էին ֆոտոցուցահանդեսներ, ֆիլմերի դիտումներ եւ, իհարկե, բացառիկ համերգային երեկոներ՝ համաշխարհային ճանաչում վայելող մենակատարների եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: 

 

Հայ մշակույթի օրերի մեկնարկը տրվեց Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգով, որին նախորդեց Արամ Խաչատրյանի  տուն-թանգարանի կողմից պատրաստած «Երաժշտության միջազգային լեզուն» ցուցահանդեսի բացումը. այն իր մեջ ընդգրկում էր կոմպոզիտորի լուսանկարները աշխարհի հայտնիների ընկերակցությամբ: 

 

 

Եւս մեկ ցուցահանդես ներկայացրեց Կոմիտասի թանգարան-ինտիտուտը. «Կոմիտաս.կյանքը լուսանկարներում» էքսպոզիցիան բաղկացած էր 32 լուսանկարից, որոնք պատմում են վարպետի կյանքի տարբեր ժամանակահատվածների մասին:

 

Հայկական օրերի շրջանակներում Մալթայում առաջին անգամ հնչեց Կոմիտասի խմբերգային երաժշտությունը: Խմբավար Սիփան Օլահի ղեկավարությամբ Մալթայի հավաքական կամերային երգչախումբը Կոմիտասի 10 երգ կատարեց:

 

 

Մեկ այլ կարեւոր «պրեմիերա» կայացավ վիեննաբնակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի եւ Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների համագործակցության շնորհիվ. հանրությանը ներկայացվեց  մաեստրո Տիգրան Մանսուրյանի կամերային երաժշտությունը:

 

 

 

Մալթայում ներկայացվեցին նաեւ հայկական ժողովրդական պարեր՝ Մարսելից ժամանած «Արաքս» պարային համույթի կատարմամբ: Համույթի մասնակիցների  էներգետիկան այնքան վարակիչ էր, որ հանդիսատեսը երկար չէր ցանկանում բաժանվել «Արաքս»-ի երիտասարդներից:

 

 

 

Մեծ հաջողությամբ անցան մեր պատանի երաժիշտների քառօրյա հյուրախաղերը. քանոնահարուհի Մերի Մուսինյանը, դուդուկահար Գեւորգ Ստեփանյանը, դաշնակահարուհի Էլեն Հարությունյանը եւ վոկալիստ Վահրամ Հովհաննիսյանը առաջին անգամ էին շրջագայում միասին: Համերգներից ոգեւորված, խոստացան վերադառնալ Մալթա՝ նոր ծրագրով:

 

Մեծ էր հետաքրքրությանը Արտավազ Փելեշյանի «Տարվա եղանակները» կինոպոէմի եւ Միքայել Պողոսյանի եւ Հրաչ Քեշիշյանի «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմի նկատմամբ:

 

 

Հայ մշակույթի օրերի շրջանակում հատուկ տեղ ունեին Զավեն Սարգսյանի հեղինակած «Խաչքարեր» եւ «Քարերի գաղտնիքը» ֆոտոցուղահանդեսները:

 

 

 

Հայկական օրերի եզրագիծը նշանավորվեց «Խաչատրյան տրիո»-ի համերգով: 

 

Երեկոյի ընթացքում արդեն իր ուրույն, ճանաչելի դարձած հնչեղությամբ եռյակը կատարեց Արամ Իլյիչի ստեղծագործությունները, Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը», ինչպես նաեւ՝ Ալեքսեյ Շորի յոթ պիեսները: 

 

 

 

Այս ծրագիրն ընդգրկված է տրիոյի նոր ձայնասկավառակում՝  թողարկված աշխարհահռչակ Sony ընկերության կողմից:   

 

 

 

Հայկական օրերը փակվեցին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի «The Magic Cello» համերգով: 

 

Այդ օրը Հայկական պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Նարեկի ավագ եղբայրը՝ դիրիժոր Տիգրան Հախնազարյանը: Եղբայրները խոստովանեցին, որ համատեղ համերգները առանձնահատուկ են իրենց համար, իսկ փոխըմբռնումն այնքան ուժեղ է, որ միմյանց նայելու անհրաժեշտությունը անգամ չկա: 

 

 

 

Իրապես մոգական միջավայրում հնչեցին Չայկովսկու «Ռոմեո եւ Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, Ու. Էլգարի՝ թավջութակի եւ նվագախմբի համար կոնցերտը եւ Ա. Շորի երեք պիեսները:

 

Խորհրդանշական էր, որ Հայ մշակույթի օրերի փակումը համընկավ Մալթայում անցկացվող ավանդական Հրավառության տոների հետ եւ համերգից հետո հանդիսատեսներին հնարավորություն ընձեռվեց հետեւել այդ հեքիաթային տեսարանին:

 

 

 

Մալթայի Միջազգային երաժշտական փառատոնին մեր գլխավոր հպարտություններից էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը հանդես էր գալիս որպես ռեզիդենտ: Այդ «երաժշտական մարաթոնի» ընթացքում նվագախումբը ելույթ ունեցավ աշխարհի ամենապահանջված երաժիշտների հետ: 

 

 

 

Բացի այդ, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ բեմում միավորվեցին Հայաստանի եւ Մալթայի նվագախմբերը՝ Ա. Շորի ստեղծագործության համաշխարհային պրեմիերայի եւ հայ մեծ հանճար Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները կատարելու համար: Նվագախումբը նաեւ մի ամբողջ օր նվագեց փառատոնին զուգահեռ ընթացող Դաշնակահարների միջազգային մրցույթի եզրափակիչ դուրս եկած 6 երաժիշտների հետ:

 

Փառատոնի ամփոփիչ ասուլիսում հայտնի կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ասաց.

 

«Այն, ինչ արեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ շատ տպավորիչ է: Սա նաեւ մեծ ձեռքբերում է Հայաստանի համար»:

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի մշակույթի օրերը կայացան Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի շնորհիվ՝ Մալթայի մշակույթի, սոցիալական արդարության եւ տեղական ինքնակառավարման նախարարության, Հայաստանի մշակույթի նախարարության, Arts Council Malta-ի եւ Valletta-2018 Foundation-ի աջակցությամբ: 

 

Աննա Բուբուշյան (Մալթա-Երեւան)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին